Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը բանակցություններից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Փաշինյանը, մասնավորապես, ասել է.
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Յունկերին և ԵՄ ղեկավարությանը` ջերմ ընդունելության ու կառուցողական քննարկումների համար:
Այսօր մենք շատ արդյունավետ քննարկումներ ունեցանք Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության ներկայիս վիճակի, մասնավորապես՝ անցյալ տարվա գարնանը Հայաստանում տեղի ունեցած անշրջելի ժողովրդավարական վերափոխումների համատեքստում: Ես մեկ անգամ ևս ընդգծեցի Հայաստանի նոր իշխանությունների հանձնառությունը` օրենքի գերակայությունն ամրապնդելու, ժողովրդավարությունը խթանելու, կոռուպցիան արմատախիլ անելու, ինչպես նաև արհեստական մոնոպոլիաների, տնտեսական հովանավորչության ու օլիգարխիայի դեմ պայքարի առումով` ապահովելու համար հիմնարար իրավունքների լիարժեք և ազատ իրականացումը Հայաստանում:
Միևնույն ժամանակ ակներև է, որ ժողովրդավարությունը կենսունակ դարձնելու համար մենք պետք է ունենանք ուժեղ ու կենսունակ տնտեսություն: Այդ իսկ պատճառով մեր հաջորդ քայլը ժողովրդավարության խորացումն է՝ հեղափոխական փոփոխությունների և տնտեսական բարեփոխումների միջոցով: Սա մեր հիմնական նպատակներից մեկն է և մեր կառավարության նոր ծրագրի անկյունաքարը:
Եվրոպական միությունը մեր առանցքային առևտրային ու ամենախոշոր դոնոր գործընկերն է: Բանակցությունների ընթացքում ես նախագահ Յունկերին ներկայացրի մեր կառավարության տեսլականը և մեր առաջնահերթությունները, որոնց շուրջ օգտակար փոխանակումներ ունեցանք: Այսօրվա այցելությունը և Եվրամիության ղեկավարների հետ մեր քննարկումները ցույց են տալիս, որ մենք երկուստեք հետաքրքրված ենք և պատրաստ ենք խորացնել մեր գործընկերությունը:
Ուրախ եմ նշել, որ նախագահ Յունկերի հետ մենք ունենք ընդհանուր ըմբռնում առ այն, որ մենք պետք է շարունակենք և ընդլայնենք մեր համագործակցությունը Եվրոպական միության հետ` նշված խնդիրների լուծման և կառավարության հավակնոտ բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու համար՝ Եվրամիության տեխնիկական ու ֆինանսական աջակցությամբ: Այդ աջակցությունը Հայաստանի կառավարությանը թույլ կտա արագացնել բարեփոխումները և դարձնել ավելի արդյունավետ:
Այս առումով ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը կարևոր հարթակ է: Հայաստանի ղեկավարությունը բազմաթիվ առիթներով իր նվիրվածությունն ու քաղաքական կամքն է ցուցադրել այս փաստաթղթի արդյունավետ իրականացման գործում: Այս համաձայնագիրը և ճանապարհային քարտեզը կարևոր են: Մեր հանդիպման ընթացքում մենք նաև քննարկել ենք ԵՄ անդամ պետությունների կողմից համաձայնագրի վավերացման գործընթացն արագացնելու ուղիները, ինչը թույլ կտա լիարժեքորեն օգտվել դրա հնարավորություններից:
CEPA-ի և ԵՄ-Հայաստան գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթի իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը մեր եվրոպական գործընկերների հետ միասին ավարտին կհասցնի CEPA-ի իրականացման ճանապարհային քարտեզի մշակումը: Միևնույն ժամանակ նախատեսվում է, որ կառավարություն-քաղաքացիական հասարակություն խորհրդակցություններ կսկսվեն ճանապարհային քարտեզի շուրջ: Մենք ընդհանուր առմամբ CEPA-ին և մասնավորապես, Ճանապարհային քարտեզին վերաբերվում ենք որպես բարեփոխումների գործընթացի համար կարեւորագույն ուղենիշների:
ԵՄ ղեկավարության հետ իմ բոլոր հանդիպումների ժամանակ մենք քննարկել ենք վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի կարևորությունը, որը շարունակում է մնալ մեր երկկողմ հարաբերություններում գերակա առաջնահերթություն: Ես հայցել եմ նախագահ Յունկերի անձնական ներդրումն այս հարցում: Ես նաև հավաստեցի Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ «2020-ի 20 նախադրյալները» փաստաթղթի անշեղ իրագործման և արդյունքների ներկայացման համար:
Մենք անդրադարձանք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ գործընթացին: Ես արտահայտել եմ մեր երախտագիտությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ԵՄ-ի հավասարակշռված դիրքորոշման համար, որն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, նրանց դիրքորոշմանը և ջանքերին: Մենք նաև անդրադարձանք տարածաշրջանային և միջազգային զարգացումներին:
Ամփոփելով, կցանկանայի մեկ անգամ ևս շեշտել մեր քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, փոխըմբռնման ու գործընկերության մթնոլորտը, որը գերակայում է Եվրոպական միության հետ մեր հարաբերություններում:
Ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել Նախագահ Յունկերին ջերմ ընդունելության և դրական երկխոսության համար»:


























