Հարավային Կորեայի նախկին նախագահ Լի Մյոն Բակը, որը կոռուպցիայի համար դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, չորեքշաբթի գրավի դիմաց ազատ կարձակվի, հաղորդում է Yonhap-ը՝ վկայակոչելով Սեուլի Բարձրագույն դատարանի որոշմանը:

Ըստ գործակալության՝ նման որոշման պատճառներից մեկը նախկին նախագահի վիճակի վատթարացումն է, որը մեկ տարի անցկացրել է բանտում, գրում է ՏԱՍՍ-ը:

2008-2013 թվականներին երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող Լի Մյոն Բակի կալանքի կարգադրագիրը տրվել էր 2018 թվականի մարտի 22-ին: Ապրիլի սկզբին Հարավային Կորեայի դատախազությունը նախկին նախագահին մեղադրել էր կաշառակերության,  միջոցների յուրացման, հարկերից խուսափելու, իշխանության չարաշահման, ընտրական օրենսդրության խախտման մեջ՝ նրա համար 20 տարվա ազատազրկում պահանջելով: Քննությունը նաեւ նշել էր, որ Լի Մյոն Բակը կարող էր Ազգային հետախուզական ծառայության գաղտնի հիմնադրամներից գաղտնի գործողությունների ֆինանսավորման համար նախատեսված միջոցներ (մինչեւ 10.3 մլն դոլար) ապօրինի ստանալ եւ յուրացնել:

2018 թվականի հոկտեմբերի 5-ինՍեուլի Բարձրագույն դատարանը նրան 15 տարվա ազատազրկման էր դատապարտել:

Պետության նախկին ղեկավարը բազմիցս հերքել  է իր դեմ ուղղված բոլոր մեղադրանքները՝ նշելով, որ իշխանությունները արշավ են իրականացնում պահպանողական ուժերի դեմ՝ կոռուպցիայի դեմ պայքարի պատրվակով: Բակը դարձել է Հարավային Կորեայի թվով հինգերորդ նախկին նախագահը, որի դեմ  քրեական գործ է հարուցվել: