Հնդիկ ռազմական օդաչու Աբհինանդան Վարտհամանը, որի օդանավը փետրվարի 27-ին խփվել էր պակիստանյան օդանավի հետ օդային մարտում, եւ նա գերի էր ընկել, ենթարկվել է ճնշման ու խոշտանգումների, հայտնում է Hindustan Times պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրին:

Պարբերականի տեղեկություններով՝ օդաչուին հարցաքննել են պակիստանցի քննիչների մի քանի խմբեր՝ միմյանց փոխարինելով: Նրանք փորձել են Վարտհամանից տեղեկություններ ստանալ ռադիոհաճախությունների մասին, որոնք օգտագործում է հնդկական ՌՕՈՒ-ն, կործանիչների թվի եւ տեղակայման, ինչպես նաեւ ռազմական լոգիստիկայի մասին: Այս հարցաքննությունների ժամանակ Վարտհամանը պետք է կանգնած մնար շատ ժամեր շարունակ, նրա համար մշտապես բարձր երաժշտություն են միացրել, նրան շնչահեղձ են արել եւ նույնիսկ ծեծել, ասել է պարբերականի զրուցակիցը:

Կործանիչների բոլոր հնդիկ օդաչուներին հրահանգված է գերի ընկնելիս առավելագույնս երկար դիմանալ, որպեսզի հնդկական ՌՕՈՒ-ն կարողանա 24 ժամում փոխել հաճախությունները, եւ հակառակորդը ոչ մի առավելություն չստանա: «Օղակի հրամանատար Աբհինանդանը կատարել է դա»,- ասել է աղբյուրը:

Պակիստանն ավելի վաղ հայտնել էր, որ գերի ընկած հնդիկ օդաչուին լավ են վերաբերվել: