Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներից տպավորություններն ավելի քան դրական են: Մարտի 7-ին «Հայաստան-Եվրամիություն. համաձայնագրի իրականացման հեռանկարները» քննարկման ժամանակ այս մասին ասաց Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետի Բրյուսել այցին եւ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներին:
Նրա խոսքով՝ վարչապետը Եվրախորհրդարանում ելույթ է ունեցել հստակ շեշտադրված հայտարարություններով եւ ազդակներով: «Հանդիպումների արդյունքներով անցկացվել է երեք ճեպազրույց, եւ դատելով եղած տեղեկություններից՝ կարող եմ ասել, որ այցը հաջող է անցել: Երկու կողմերն էլ ընդգծել են Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համաձայնագրի իրականացման կարեւորությունը, ինչպես նաեւ համագործակցության ու փոխօգնության պատրաստակամությունը»,- պարզաբանել է Եղոյանը:
Նա հատուկ կարեւորեց վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ երկխոսությունը: Արման Եղոյանը նաեւ հավաստիացրեց, որ ձեռք բերված համաձայնությունների իրականացման եւ այս գործընթացի շարունակման դեպքում ձեռք կբերվեն բավականին զգալի արդյունքներ:





























