Ուրբաթ ՆԱՏՕ-ի Հյուսիսային դիվիզիայի միջազգային շտաբը բացվել է Ադաջիում: Բացմանը ներկա են եղել Դանիայի պաշտպանության նախարար Կլաուս Յորտ Ֆրեդերիքսենը, Լատվիայի ՊՆ Արտիս Պաբրիքսը եւ Էստոնիայի ՊՆ Յուրի Լույքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պաբրիքսն անվանել է շտաբի բացումը «ամբողջ տարածաշրջանի անվտանգության ամրապնդման» մեջ ներդրում:
«Հյուսիսային դիվիզիայի ստեղծումը մեր տարածաշրջանում սպառնալիքների հակազդման նոր մակարդակ է,-ուրբաթ հայտարարել է Էստոնիայի պաշտպանության նախարար Յուրի Լույքը:-Զսպման ուժերը եւ մեզ պաշտպանելու ունակությունը էապես կուժեղանան Հյուսիսային դիվիզիայի գործունեության շնորհիվ»:
«Այդ շտաբը նախատեսված չէ միայն զորավարժությունների համար, անհրաժեշտության դեպքում այն պետք է ապահովի իրական պաշտպանություն տարածաշրջանում»,-հավելել է բացմանը ներկա գտնված՝ Էստոնիայի Զինված ուժերի հրամանատար գեներալ-մայոր Մարտին Հերեմը:
Փետրվարին Դանիայի, Լատվիայի եւ Էստոնիայի պաշտպանության նախարարները Բրյուսելում փոխըմբռնման համաձայնագիր էին ստորագրել ՆԱՏՕ-ի Հյուսիսային դիվիզիայի շտաբի ստեղծման առնչությամբ:
Նախատեսվում է, որ Հյուսիսային դիվիզիայի միջազգային շտաբը կներառվի ՆԱՏՕ-ի ռազմական կառուցվածքի մեջ՝ միավորելով տարածաշրջանի ռազմական մասերը միության կառավարման հետ: Դիվիզիայի հիմնադիր երկրներն են Դանիան, Լատվիան եւ Էստոնիան: Խաղաղ շրջանում այն կտեղակայվի հիմնականում Ադաջի (Լատվիա) եւ Քարուփ (Դանիա) քաղաքներում:
Շտաբի առաջին ղեկավարը կլինի Դանիայի Զինված ուժերի գեներալ մայոր: Շտաբը պետք է հասնի առաջնային օպերատիվ պատրաստվածության 2019 թվականի առաջին կիսամյակում, իսկ լիարժեք պատրաստվածության՝ մի քանի տարիների ընթացքում:



























