Լոս Անջելեսի օդանավակայանում կալանավորվել է OneCoin ընկերության կառավարիչ, Բուլղարիայի քաղաքացի Կոնստանտին Իգնատովը, ով, հետաքննության տվյալներով, կրիպտոարժույթի վաճառքի անվան տակ ֆինանսական բուրգ է կազմակերպել՝ հայտնում է The Verge-ը։

Խարդախության մեղադրանքներ են առաջադրվել նաեւ Իգնատովի քրոջը՝ Ռուժ Իգնատովային, ով OneCoin-ի հիմնադիրն է, եւ ամերիկացի Մարկ Սքոթին, ում կալանավորել են 2018թ․ սեպտեմբերին։ Ռուժ Իգնատովային կալանավորել դեռեւս չի հաջողվել։

Քննիչների վարկածի համաձայն, 2014թ․ ստեղծված OneCoin-ը, ցանցային մարքեթինգ օգտագործելով, վաճառել է ծառայությունների փաթեթներ՝ հաճախորդներին վստահեցնելով, որ նրանք կրիպտոարժույթ են ստանում։ Դեռեւս 2015թ․ OneCoin-ը սկսել է ֆեյքային արժույթ վաճառել, որի հետ կապված գործարքները չեն արտացոլվել ընկերության կողմից ստեղծված բլոկչեյն համակարգում։

Տարբեր երկրների հետաքննչական մարմինները դեռեւս 2016թ․ սկսել են OneCoin-ի մասնաճյուղերի գործունեության դադարեցումը։ Մինչ այդ, ըստ ամերիկյան հետաքննության, ընկերությունը մոտ 2,2 միլիարդ եվրոյի շահույթ է ստացել։