Կոսովոյի իշխանությունները պատրաստվում են 2019 թվականին ակտիվ լոբբինգ իրականացնել երրորդ երկրների կողմից Պրիշտինայի անկախության ճանաչմանը հասնելու համար: Այս մասին հայտարարել է Կոսովոյի փոխարտգործնախարար Ռեյհան Վունիչին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«ԱԳՆ-ն ակնկալում է, որ այս տարի Կոսովոյի անկախությունը եւս 19 երկիր կճանաչի: Մինչ այդ, մենք բախվում ենք Սերբիայի կողմից ընդդեմ Կոսովոյի իրականացվող ագրեսիվ լոբբինգի հետեւանքով խնդիրներին եւ օբստրուկցիային: Կոսովոյի դիվանագիտությունը եւ ԱԳ նախարար Բեհջեթ Պացոլլին այժմ ավելի շատը լոբբինգ են իրականացնում, քան երբեւէ աշխարհում », - ասել է փոխարտգործնախարարը:
Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը ավելի վաղ ասել էր, որ Սերբիայի իշխանությունները կշարունակեն աշխատանք տանել, որպեսզի ինքնահռչակ Կոսովոյի անկախությունը ճանաչած երկրների թիվը նվազի՝ հասնելով մինչեւ 2011 թվականի մակարդակին: Ավելի վաղ Արեւմուտքը պաշտոնական Բելգրադին կոչ էր արել նվազեցնել դիվանագիտական ակտիվությունը երրորդ երկրների կողմից Կոսովոյի անկախության ճանաչման չեղարկման կապակցությամբ:





























