Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել Օլեքսանդր Բուխտատիի սպանության մասին հայտարարությամբ։

«Մամուլից ցավով իմացանք Ուկրաինայի քաղաքացի Օլեքսանդր Բուխտատիի ողբերգական եւ ցնցող մահվան եւ դրանում Հայաստանի քաղաքացու հնարավոր ներգրավվածության մասին։ Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը խոր ցավակցություն է հայտնում Օլեքսանդրի ընտանիքին եւ մերձավորներին, եւ վճռականորեն դատապարտում է ցանկացած բռնություն։

Վստահություն ենք հայտնում, որ Ուկրաինայի իրավապահ մարմինները  հանցագործության համակողմանի եւ օբյեկտիվ հետաքննություն կիրականացնեն, եւ մեղավորները կհայտնաբերվեն ու կպատժվեն օրենքին համապատասխան։ Հայաստանի դեսպանությունը պատրաստ է հնարավորինս օժանդակել քննությանը»,- ասվում է հայտարարությունում։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ուկրաինայում նախագահի աշխատակազմի աշխատակցի սպանության կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի։