Թերթը գրում է, որ Հրանտ Դինքի սպանությունից հետո տասնյակհազարավոր թուրք մարզասերներ տարբեր քաղաքների մարզադաշտերում ինքնամոռաց բացականչում էին. «Մենք բոլորս Օգյուն Սամասթ ենք»: Այս բացականչությունները հայ սպանելու պատրաստակամության արտահայտություններն էին` համեմված մարդասպանի հանդեպ բարի նախանձով: Ակնհայտ է, որ հայ սպանելու դեպքում մարզասերը հպարտանալու առիթ էր ձեռք բերելու, նրա հպարտությունից իրենց բաժինը անշուշտ ստանալու էին նաեւ մյուսները, իսկ դա Թուրքիայի պարծանքն էր դարձնելու մարզասերների «Մենք բոլորս Օգյուն Սամասթ ենք» բացականչող ոհմակին:
Այլ կերպ, երբ խոսքը Թուրքիայում հային է վերաբերում, մարզադաշտը չի տարբերվում կառափնարանից, իսկ մարզասերը` ստոր մարդասպանից: Քանի որ վերջինին չեն ներգրավում սպանության մեջ, ուստի նա սպանությամբ հպարտանալու փոխարեն ստիպված է լինում բավարարվել մարդասպանին նախանձելով:
Այն, ինչ չի հաջողվում անել մարդասպան ստահակից չտարբերվող թուրք մարզասերին, արել է Տրապիզոնի նահանգի ազգային կրթության քաղաքային վարչությունը: Վարչության պաշտոնական կայքը քաղաքի ճանաչողության նպատակով նյութ է հրապարակել, որտեղ պատմության եւ մշակույթի մասին տեղեկությունների կողքին հիշատակվում է Հրանտ Դինքի անունը, ընդգծելով հպարտությամբ, թե նրա սպանությունը իրականացրած Օգյուն Սամասթը բնիկ տրապիզոնցի է:
Այդ կայքում ազգային կրթության քաղաքային վարչությունը միաժամանակ հպարտորեն նշել է, որ կաթոլիկ քահանա Անդրեա Սանտորոն սպանվել է Տրապիզոնում, եւ տրապիզոնցիները ցույցի պահին փորձել են Լինչի դատաստանի ենթարկել «Բռնադատվածների եւ կալանավորների ընտանիքների հետ համերաշխության» միության անդամներին:
Տրապիզոնի ազգային կրթության վարչության պաշտոնական կայքում քաղաքի ճանաչողության նպաստելու առաջադրանքով տեղադրված 8 էջանոց այս նյութը նախ շփոթմունք է պատճառել թուրքական կենտրոնական թերթերին, ապա առաջ է բերել բուռն հակազդեցություն: Մամուլի արձագանքից հետո վարչությունը հրապարակումից հանել է հոդվածի այն հատվածը, որը վերաբերում է Հրանտ Դինքի, քահանա Սանտորոյի սպանությանն ու Լինչի դատաստան տեսնելու փորձին:




























