ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՍԱ-ին կարգադրել է առաջիկա 5 տարում «ցանկացած միջոցով» Լուսին մարդիկ ուղարկել, հայտարարել է փոխնախագահ Մայք Փենսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նախագահի կարգադրությամբ՝ գործող վարչակազմի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նպատակն է հաջորդ 5 տարվա ընթացքում ամերիկացի տիեզերագնացներին Լուսին վերադարձնելը»,- ասել է Փենսը ԱՄՆ ազգային տիեզերական խորհրդի նիստում:

Փենսի խոսքով, որը ղեկավարում է Ազգային տիեզերական խորհուրդը եւ համակարգում ԱՄՆ տիեզերական քաղաքականությունը, Թրամփը ՆԱՍԱ-ին եւ նրա ղեկավար Ջիմ Բրայդենսթայնին հանձնարարել է դրան հասնել անհրաժեշտ ցանկացած միջոցներով»: Փոխնախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կդառնա առաջին տերությունը, որը XXI դարում Լուսին մարդ կուղարկի, իսկ «Լուսնի վրա առաջին կինը եւ հաջորդ տղամարդը կլինեն ամերիկացի տիեզերագնացները, որոնք կթռչեն ամերիկյան հրթիռով ամերիկյան հողից»:

Ավելի վաղ 2020 թվականին ՆԱՍԱ-ի համար նախագահական բյուջեի նախագծում նշվում էր, որ ԱՄՆ-ն հույս ունի 2028 թվականին կրկին Լուսնի վրա իջեցնել մարդկանց:

Թրամփի իշխանության գալուց հետո ԱՄՆ-ն հայտարարել է լուսնային ծրագրի վերականգնման մասին՝ Երկրի բնական արբանյակ մարդու վերադարձն ու այնտեղ նրա ներկայությունն անվանելով Մարս օդաչուավոր առաքելությունների ճանապարհի փուլ:

ՆԱՍԱ-ն մշակում է մերձլուսնային Gateway կայանի գաղափարը, որտեղից ապագայում ծրագրում են բազմակի օգտագործման վայրէջքային սարքերով մարդու թռիչքների իրականացումը Լուսնի մակերեւույթ եւ հետ:

Կայանի կառուցումը նախատեսված է սկսել 2022 թվականին, իսկ առաջին օդաչուավոր թռիչքը՝ 2024 թվականին: Գործակալությունից ընդգծել են, որ Gateway-ը միջազգային նախագիծ է: