Ալժիրի կառավարող կոալիցիայի կուսակցությունը՝ «Ազգային դեմոկրատական ժողովը», կոչ է արել երկրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկային հրաժարական տալ առողջական վիճակի պատճառով, ասվում է քաղաքական ուժի հայտարարությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ազգային դեմոկրատական ժողովը» խորհուրդ է տալիս նախագահին հրաժարական տալ... երկրում անցումային շրջանը դյուրինացնելու համար՝ համապատասխան սահմանադրության»,- նշվում է փաստաթղթում։
Բացի այդ, ԱԴԺ-ն կոչ է արել նախագահին որքան հնարավոր է շուտ ձեւավորել կառավարությունը՝ խուսափելու համար իշխանության վակուումի ստեղծումից։
«Ազգային դեմոկրատական ժողով» կուսակցությունը մեծությամբ երկրորդն է կառավարող կոալիցիայում, «Ազգային ազատագրության ճակատի» հետ միասին։ Երկու կուսակցությունները մարտին աջակցել են 82-ամյա Բուտեֆլիկայի առաջադրմանը նոր նախագահական ժամկետի համար։
ԱԴԺ ղեկավար Ահմեդ Ույահյան երկար ժամանակ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, բայց պաշտոնաթող է արվել ժողովրդական բողոքների ֆոնին։
Երեքշաբթի Ալժիրի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ահմեդ Ղաիդ Սալեհը կոչ է արել գործի դնել սահմանադրության 102-րդ հոդվածը, որը նախատեսում է նախագահի թափուր պաշտոն այն դեպքում, եթե նա ի վիճակի չէ կատարել իր գործառույթներն առողջության պատճառով։
Սահմանադրության համաձայն՝ նախագահի անգործունակության փաստը սկզբում պետք է հաստատի Սահմանադրական խորհուրդը, հետո խորհրդարանը։ Եթե այդ փաստը հաստատվի, խորհրդարանի վերին պալատի նախագահը պետք է սկսի ժամանակավորապես կատարել պետության ղեկավարի գործառույթները։ Ընդ որում՝ նա չի կարող հետագայում մասնակցել նախագահական ընտրություններին որպես թեկնածու։
2013 թվականին Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան մի քանի շաբաթ անցկացրել է Ֆրանսիայի հոսպիտալում ուղեղի կաթվածից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նա հազվադեպ է հայտնվում հանրության առջեւ եւ տեղաշարժվում է հաշմանդամի սայլակով։ Միեւնույն ժամանակ, նա փետրվարին հայտարարել էր նոր նախագահական ժամկետի համար պայքարելու մտադրության մասին, ինչը զանգվածային հուզումներ էր առաջացրել։
Մարտի 11-ին, ի պատասխան չդադարող բողոքների, Ալժիրի նախագահը հայտարարեց, որ չի առաջադրի թեկնածությունը նոր ժամկետի համար, ընդունեց կառավարության հրաժարականը եւ հետաձգեց ընտրությունների անցկացումը, որոնք նախանշված էին ապրիլի 18-ին։ Ընդ որում՝ նա խոստացավ գումարել ազգային կոնֆերանս՝ նոր սահմանադրության նախագծի մշակման եւ բարեփոխումների անցկացման համար։ Այդ կոնֆերանսը, որին մասնակցելու էին բոլոր քաղաքական ուժերը, հասարակական գործիչները, որոշելու է նաեւ նոր ընտրությունների օրը։
Շատ ցուցարարներ եւ ընդդիմադիր քաղաքական գործիչներ թերահավատորեն են վերաբերվել Բուտեֆլիկայի աշխատակազմի որոշումներին եւ շարունակում են պահանջել անհապաղ իշխանափոխություն։ Մի շարք ընդդիմադիր կուսակցություններ առաջարկել են ձեւավորել նախագահական խորհուրդ անցումային շրջանում երկրի կառավարման համար։
Բուտեֆլիկայի լիազորությունների ժամկետն ավարտվում է ապրիլի 28-ին։




























