Միջուկային եւ հրթիռային զենքի ոլորտում  Հյուսիսային Կորեայի գործունեությունը անհամատեղելի է ապամիջուկայնացման հետ: Ներկայացուցիչների պալատի Զինված ուժերի հարցերով կոմիտեում լսումների ժամանակ այս մասին հայտարարել է Հարավային Կորեայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատար, գեներալ Ռոբերտ Աբրամսը, հաղորդում է Reuters-ը:

«Նրանց գործունեությունը, որը  մենք նկատել ենք, անհամատեղելի է ապամիջուկայնացման հետ», - ասել է նա: Նրա խոսքով, չնայած Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններում լարվածության նվազմանը, նրա ռազմական հնարավորությունները գրեթե հնարավոր չէ ստուգել:

Նշենք, որ այս տարվա փետրվարին Հանոյում տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի երկրորդ հանդիպումը: Սակայն բանակցությունները ձախողվեցին, Թրամփը վաղաժամ հեռացավ բանակցություններից` ասելով, որ Փհենյանը անընդունելի պայմաններ է առաջ քաշում պատժամիջոցների չեղարկման դիմաց:

Վաշինգտոնը հայտարարել էր, որ պատժամիջոցների վերացումը կսկսվի միայն ամբողջական եւ ստուգման ենթակա ապամիջուկայնացման դեպքում: Փհենյանն, իր հերթին, ասել էր, որ կցանկանար ոչ թե ամբողջական, այլ պատժամիջոցների մասնակի չեղարկում: Բանակցություններից հետո Հյուսիսային Կորեան Միացյալ Նահանգներին մեղադրել էր «գանգստերական քաղաքականության» մեջ եւ չէր բացառել հրթիռային փորձարկումների վերսկսումը: