Առանց համաձայնագրի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը Գերմանիայում կհանգեցնի բժշկական արդյունաբերության արտադրանքի անբավարարության։ Այս մասին ասել է Գերմանիայի առողջապահության նախարար Ենս Շփանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Handelsbalt-ին։
Ինչպես նշում է պարբերականը, կոշտ Brexit-ի դեպքում կպահանջվի, որպեսզի իմպլանտների, կարդիոխթանիչների եւ արյան նմուշների հետազոտության համար նախատեսված արտադրանքի շատ մոդելներ նորից արտոնագրում անցնեն։ «Չկարգավորված Brexit-ի դեպքում պետք է ենթադրել, որ բժշկական նշանակության տասնյակ հազարավոր ապրանքներ չեն կարող վաճառվել եւ անհասանելի կլինեն եվրոպական շուկայում»,- նախարարին մեջբերում է պարբերականը։
Հունվարին նման երկյուղներ էր արտահայտել Քիմիական արդյունաբերության միավորումը (VCI), քանի որ, նրա կարծիքով, չնախատեսված հետեւանքների պատճառով կարող են խախտվել սովորական առեւտրային կապերը։ Այն ժամանակ կազմակերպությունում հիշեցրել էին, որ շատ նյութեր, որոնք անհրաժեշտ են դեղորայքի արտադրության համար, այժմ մայրցամաքային Եվրոպայի երկրներին մատակարարվում են Մեծ Բրիտանիայից։ Ընդ որում՝ VCI-ն նշել է, որ առեւտրաշրջանառությունը Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի միջեւ դեղագործության ոլորտում նվազում է արդեն ներկա պայմաններում։ 2017-ի համեմատ այն կրճատվել է 10 տոկոսով՝ 17, 7 մլրդ եվրոյից հասնելով 16 մլրդ-ի։
Չորեքշաբթի բրիտանացի խորհրդարանականները մերժել են ԵՄ-ից դուրս գալու բոլոր ութ այլընտրանքները, ինչը կոշտ Brexit-ի տարբերակն ավելի հավանական է դարձնում։ Ավելի վաղ Բրյուսելում Եվրամիության ղեկավարների գագաթաժողովում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դարձյալ ընդգծել էր, որ Գերմանիան պատրաստվում է կոշտ Brexit-ի վատագույն տարբերակին, բայց դրա հետ մեկտեղ մինչեւ «վերջին պահը» կպայքարի, որպեսզի գործընթացը կանոնակարգվի։




























