Ղրզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը ՌԴ գործընկեր Վլադիմիր Պուտինին ձի եւ շուն է նվիրել, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ Պուտինը նվեր է ստացել օռլովյան վարգաձի եւ Շերհան մականվամբ ղրղզական տայգան ցեղատեսակի քերծե շան ձագ:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 17-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Բելգրադ այցելած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Պաշա անունով հարավսլավյան հովվաշուն էր նվիրել:
Շներ
Ամենից հաճախ նախագահին շներ են նվիրել: Նման առաջին նվերը Պուտինին մատուցել է ՌԴ ԱԻՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն:
Նա սեւ լաբրադորի ձագ էր նվիրել: Շունը Կոննի անունն էր ստացել: Պուտինը հաճախ էր նրան իր հետ գործնական հանդիպումներին տանում, այդ թվում օտարերկրյա պատվիրակությունների հետ: Կոննին ապրեց 15 տարի, 2014-ի վերջին սատկեց:
2010-ին Պուտինը, ով այդ ժամանակ ՌԴ վարչապետ էր, Բուլղարիայի վարչապետից կարակաչանյան հովվաշան ձագ նվեր ստացավ:
2017-ին Սոչիում ԱՊՀ գագաթնաժողովից առաջ նորից շուն էր նվեր ստացել:
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը Պուտինին ծննդյան օրը Հավատարիմ մականվամբ ալաբայ շան ձագ էր նվիրել:
Ձիեր
Առաջին անգամ Պուտինը որպես նվեր ձի է ստացել 2000 թվականին Օռլովի մարզի ղեկավար Եգոր Ստրոեւից: Վերջինս նախագահին օռլովյան վարգաձի էր նվիրել: Մեկ տարի անց Բաշկիրիայի նախագահ Մուռտազա Ռահիմովը Պուտինին Նագարա մականվամբ ախալտեկինյան ցեղատեսակի հովատակ էր նվիրել:
Բայց ամենահայտնի նվերը պոնի Չիպն էր, որին 2005-ին Կազանում միջազգային ձիամարզական համալիրի բացմանը նախագահին նվիրել էր Նիժնեկամսկի ղեկավար Իլսուր Մետշինը: Պոնին աշխարհում ձիերի ամենափոքր ցեղատեսակին է պատկանում՝ ֆալաբելային, նրանց հասակը չի գերազանցում 75սմ-ն:
Վագրեր եւ ընձառյուծներ
2008-ին Պուտինը, ով այն ժամանակ վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում, ծննդյան օրը երկու ամսական ուսուրիյսկյան վագր էր ստացել: Նովո-Օագրյովոյում հանդիպմանը Պուտինը նրան լրագրողներին էր ցույց տվել, սակայն չէր բացահայտել նվիրողի անունը: Վագրը, որին Մաշա էին անվանել, փոխանցվել էր Գելենջիկի Սաֆարի պարկ:
Մեկ տարի անց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը Պուտինի երկու առաջավորասիական ընձառյուծներ էր նվիրել:
Սպիտակ այծ
2003-ին Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը Պուտինին գալիք տարվա խորհրդանիշ էր նվիրել՝ Հեքիաթ մականունով սպիտակ այծ: Կենդանուն տեղափոխել էին Նովո-Օագրյովո:




























