Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ԱՄՆ-ը Թուրքիայի վրա ազդելու բավարար լծակներ չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Ֆիլիպ Գորդոնի այն հայտարարությունը, թե Վաշինգտոնը չի կիսում հայ-թուրքական երկխոսությունում առաջընթացը ղարաբաղյան գործընթացով պայմանավորելու Անկարայի դիրքորոշումը:
Իսկանդարյանի խոսքով`ԱՄՆ-ը եղել եւ մնում է հայ-թուրքական հարբերությունների կարգավորման գլխավոր քաղաքական հովանավորը:
«Մինչ օրս ԱՄՆ-ը մնում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կողմնակիցը, եւ պրն Գորդոնի հայտարարությունը վկայում է այդ մասին: Սակայն այլ բան է, որ ԱՄՆ-ը չունի բավարար լծակներ` իր ձեռնարկումներում հաջողության հասնելու համար»,- ասել է նա:
Ըստ Իսկանդարյանի` թուրքերի վրա ճնշումը Ցյուրիխում մի բան է, Անկարայում` բոլորովին այլ բան: Բացի այդ, ըստ նրա, բավական դժվար է ճնշում գործադրել Թուրքիայի իշխանության վրա մի շրջանում, երբ երկիրը նախընտրական փուլում է, կամ երբ ընդլայնում է իր պոտենցիալն արաբական աշխարհում: «ԱՄՆ քաղաքական գործիչները հիանալի հասկանում են, որ Թուրքիան ԱՄՆ-ին ավելի շատ է պետք, քան իրենք Թուրքիային, ուստի նման ուղիղ արտահայտված ճնշումը ուղղակի չէր գործի»,-նշեց քաղաքագետը:
Իսկանդարյանը համոզմունք հայտնեց, որ ամերիկացիները պատրաստվում են Թուրքիայում հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո ինչ-որ կերպ նպաստել հայ-թուրքական հրաբերությունների կարգավորման շարունակմանը: «Սակայն խիստ կասկածում եմ, որ ԱՄՆ զինանոցում կգտնվեն բավարար միջոցներ ծրագրվածն իրագործելու, քանի որ խորհրդարանականից հետո Թուրքիայում նախագահական ընտրություններ են լինելու»,-ասաց քաղաքագետը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ը համամիտ չէ Թուրքիայի այն տեսակետի հետ, որ հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիան կարող է վավերացնել, եթե առաջընթաց լինի ղարաբաղյան բանակցություններում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Ֆիլիպ Գորդոնը, ելույթ ունենալով Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում օրերս կայացած միջազգային անվտանգության վերաբերյալ Globsec (Global Security) 2011 գիտաժողովին:
«ԱՄՆ աջակցել է հարաբերությունների կարգավորմանը հենց սկզբից եւ ԱՄՆ Պետքարտուղարը մեծ ջանքեր է ներդրել, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները վերջապես կարգավորվեն: Սակայն կարգավորման գործընթացը կանգ է առել: Թուրքիան ասում է, որ ինքը կարող է վավերացնել Ցյուրիխյան արձանագրությունները, եթե առաջընթաց լինի ԼՂ խնդրում, սակայն ԱՄՆ-ը չի գտնում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է կապակցել որեւէ այլ խնդրի հետ: ԱՄՆ այս տեսակետին է եղել ի սկզբանե, եւ այս դիրքորոշումը պահպանվում է: ԱՄՆ գտնում է, որ կողմերը պետք է առաջ ընթանան, վավերացնեն արձանագրությունները»,- ասել է Գորդոնը:



























