ԱՄՆ եւ Հարավային Կորեայի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Մուն Չժեինը Վաշինգտոնում քննարկելու են իրավիճակը Կորեական թերակղզում։

Ինչպես տեղեկացնում է AP-ը, Մուն Չժեինը Միացյալ Նահանգներ կմեկնի ապրիլի 10-11-ին՝ քննարկելու, թե ինչպես ամրապնդեն երկու երկրների միությունը եւ հասնեն լիակատար միջուկազերծման ու խաղաղության Հյուսիսային Կորեայում։

Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփը եւ առաջին տիկին Մելանի Թրամփը Մուն Չժեինին եւ նրա տիկին Կիմ Չեն Սուկին կողջունեն ապրիլի 11-ին Սպիտակ տանը։ Հայտարարությունում ասվում է, որ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի միջեւ դաշինքը «խաղաղության եւ անվտանգության նեցուկն է Կորեական թերակղզում եւ տարածաշրջանում»։

Դա նրանց առաջին հանդիպումը կլինի այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հետ Թրամփի երկրորդ գագաթաժողովը Հանոյում փետրվարին ձախողվեց պատժամիջոցների հետ կապված տարաձայնությունների պատճառով։ Այդ գագաթաժողովի ձախողումը Մուն Չժեինին բարդ դրության մեջ դրեց. նա պետք է հասկանա, թե ինչպես հետագայում փոխգործակցի Հյուսիսային Կորեայի հետ եւ օժանդակի միջուկային դիվանագիտությանը։