Պեկինում Չինաստանի եւ ԱՄՆ բանակցողները առեւտրային բանակցությունների նոր փուլ են սկսել՝ կարգավորելու համար համաշխարհային տնտեսությունը քայքայել սպառնացող հակամարտությունը, տեղեկացնում է AFP-ն։
ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհիզերը եւ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հանդիպել են փոխվարչապետ Լյու Հեի հետ Diaoyutai պետական հյուրատանը։
Մինչ հանդիպումն սկսելը Մնուչինը լրագրողներին տեղեկացրել է, որ կողմերը «շատ արդյունավետ» աշխատանքային ընթրիք են ունեցել։
Կողմերը փորձում են հարթել լուրջ տարաձայնությունները ԱՄՆ այն մեղադրանքների հետ կապված, թե Չինաստանը տարիներ շարունակ կիրառում է անազնիվ առեւտրային քաղաքականություն՝ ինտենսիվորեն սուբսիդավորելով իր ընկերությունները, միաժամանակ օգտագործելով ամերիկյան ընկերությունների տեխնոլոգիական նորությունները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ երկու կողմերն էլ մոտ են համաձայնության, բայց պաշտոնյաները նախընտրում են ավելի զգույշ արտահայտվել։
Հաջորդ շաբաթ Լյու Հեն կմեկնի Վաշինգտոն հերթական բանակցությունների համար։
Սպիտակ տան տնտեսական խորհրդական Լարի Քուդլոուն ասել է, որ անհրաժեշտության դեպքում բանակցությունները կարող են տեւել շաբաթներ կամ անգամ ամիսներ։ Չինաստանի առեւտրի նախարարությունը հայտարարել է, որ դեռ «մեծ ծավալի աշխատանք» կա։
ԱՄՆ-ը եւ Չինաստանը անցած տարի 360 մլրդ դոլարի երկկողմ առեւտրի տուրքեր են մտցրել, բայց Թրամփը եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը դեկտեմբերին պայմանավորվել են հնարավորություն տալ բանակցություններին։





























