Թերեզա Մեյին Մեծ Բրիտանիայի կառավարող Պահպանողական կուսակցության նախագահի եւ վարչապետի պաշտոններում փոխարինելու առավել հավանական չորս քաղաքական գործիչ կա։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Financial Times-ին, նրանք են նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, Brexit-ի հարցերով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը, ԱԳ ներկայիս նախարար Ջերեմի Հանթը եւ շրջակա միջավայրի, պարենի ու գյուղատնտեսական զարգացման նախարար Մայքլ Գոուվը։

Պարբերականի հավաստմամբ,  Գոուվի՝ որպես աջ կենտրոնամետի թեկնածությանն են աջակցելու թորիների խորհրդարանական խմբակցության անդամները, որոնք պրագմատիկ մոտեցման կողմնակիցներ են։ Բացի այդ, Betfred բուքմեյքերային գրասենյակը, որի տվյալները ներկայացնում է The Independent-ը, առայժմ կառավարությունը ղեկավարելու Գոուվի շանսերը գնահատում է 1-ը 3-ի, իսկ Ջոնսոնինը՝ 1-ը 4-ի։

Financial Times-ի հավաստմամբ՝ վարչապետի պաշտոնի համար պայքարում, որը կսկսվի այն բանից հետո, երբ երկիրը դուրս կգա ԵՄ կազմից ու Մեյը հրաժարական կտա, կարող են ներառվել նաեւ այլ քաղաքական գործիչներ, այդ թվում գլխավոր գանձապետ Էլիզաբեթ Թրասը։

Համայնքների պալատն արդեն երկու անգամ (հունվարի 15-ին եւ մարտի 12-ին) մերժել է ԵՄ-ի հետ գործարքի նախագիծը, եւ մարտի 21-ին Եվրամիության պետությունների ու կառավարությունների 27 ղեկավարները Բրյուսելի գագաթաժողովում որոշել են հետաձգել Բրեքսիթը երկու հնարավոր սցենարով։ Բրեքսիթը կհետաձգվի մինչեւ մայիսի 22-ը, եթե բրիտանական խորհրդարանը հավանություն տա Բրյուսելի հետ մինչեւ մարտի վերջ համաձայնությանը, կամ մինչեւ ապրիլի 12-ը, եթե այդ համաձայնությունը հավանության չարժանանա։ Երրորդ քվեարկությունը բրիտանական խորհրդարանում Բրեքսիթի համաձայնության վերաբերյալ տեղի կունենա ուրբաթ։