Վրաստանի երկու կին քաղաքացիների` Բաբուցա Գորդաձեին եւ Դարեջան Կոխտաշվիլիին Մալայզիայում մահապատիժ է սպառնում՝ այդ երկրի տարածք թմրանյութեր փոխադրելու համար, սակայն Վրաստանի ԱԳՆ-ն եւ իրավաբանները պայքարում են, որպեսզի նրանց մեղադրանքը մեղմացվի:

Վրացի կանանց ձերբակալումից հետո, գործի մեջ ի հայտ են եկել նոր մանրամասներ, որոնք կարող են մեղմացնել նրանց պատիժը: Քիմիկոսների հետազոտության արդյունքում, կանանց կողմից Մալայզիա տեղափոխած թմրանյութերը կազմել են 1կգ եւ 710 գ, իսկ գործում գրված է, որ այն կազմել է 5,5 կգ:

Հարցին, թե որքանո՞վ է հնարավոր մահապատժից փրկել վրացի կանանց, իրավաբան Գոչա Սվանիձեն Pressa.ge-ին տված հարցազրույցում պատասխանել է. «Սկզբում, Մալայզիայի իրավապաշտպանները եւս համոզված էին, որ    թմրանյութի քանակի ավելի քիչ լինելու հանգամանքը կարող է նպաստել կանանց մահապատժից փրկելու գործին, սակայն վերջնական վճիռը կախված է Մալայզիայի քրեական օրենսգրքից:Եթե թմրանյութ տեղափոխողները լինեին Մալայզիայի քաղաքացիներ, նրանց պատիժը կմեղմացվեր, իսկ այլ երկրի քաղաքացիների դեպքում իրավիճակն այլ է»:

Մեկ այլ իրավաբան Գելա Նիկոլաիշվիլին հավաստիացնում է, որ ըստ միջազգային իրավական նորմի, երկրի քաղաքացիությունը նշանակություն չունի, եւ գործած մեղքի համար բոլորն էլ նույն  պատիժն են կրում, եւ անհավանական չէ, որ Վրաստանի երկու կին քաղաքացիների պատիժը մեղմացվի: