Ուրբաթ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատը երրորդ անգամ մերժել է ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների մասին Եվրամիության հետ համաձայնագրի նախագիծը: Կառավարության օրենսդիր մարմնին վարչապետ Թերեզա Մեյի ներկայացրած գործարքի դեմ է քվեարկել 344 պատգամավոր, իսկ կողմ՝ 286 պատգամավոր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Գործարքի ընդունումը կնշանակեր, որ պատգամավորները մինչեւ մայիսի 22-ը կկարողանային համաձայնեցնել ԵՄ-ից «բաժանվելու» հետ կապված բոլոր հարցերը, իսկ Մեծ Բրիտանիան կլքեր եվրոպական հանրությունը նախապես համաձայնեցրած ընթացակարգով շուրջ երկու ամսվա ընթացքում: Քվեարկության ներկայիս արդյունքը մեծացնում է առանց որեւէ գործարքի «կոշտ» Brexit-ի հավանականությունը:
Ավելի վաղ Եվրամիությունը նախազգուշացրել էր, որ եթե բրիտանական պատգամավորները չքվեարկեն գործարքի օգտին այս շաբաթ, ապա երկիրը դուրս կգա ԵՄ-ից ապրիլի 12-ին: Եւս մեկ հնարավորություն է Մեծ Բրիտանիայի մասնակցությունը մայիսին կայանալիք Եվրոպական խորհրդարանի ընտրություններին, որի արդյունքում բանակությունները կհետաձգվեն մինչեւ ընթացիկ տարվա վերջ:
Այդ հանգամանքի վրա է Մեյը սեւեռել իր ուշադրությունը քվեարկությունից հետո իր ելույթի ժամանակ: «Համայնքների պալատի որոշումը բավականին լուրջ հետեւանքներ կունենա: Մեծ Բրիտանիան պետք է դուրս գա ԵՄ կազմից ապրիլի 12-ին՝ ընդամենը 14 օր անց: Գործարքը համաձայնեցնելու եւ վավերացնելու համար ժամանակը բավարար չէ, իսկ Համայնքների պալատն ավելի վաղ ցույց էր տվել, որ չի հաստատի դուրս գալու գործընթացն առանց գործարքի: Ուստի մենք պետք է համաձայնեցնենք առաջընթացի այլընտարնքային եղանակները: Երկուշաբթի խորհրդարանը կշարունակի գործընթացը հասկանալու համար՝ կա արդյոք մեծամասնության կողմից դիտարկվող որեւէ այլընտրանքային տարբերակ ԵՄ-ից դուրս գալու հարցում»,-ասել է նա:
Ի՞նչ է նշված համաձայնագրի մեջ:
585 էջանոց փաստաթղթում ներառված են նույն դրույթները, որոնց մեծ մասն ավելի վաղ բրիտանական օրենսդիրների կոշտ քննադատությունների պատճառն էր: Մասնավորապես, դրանում նկարագրված է «բրեքսթոփ»-ի մեխանիզմը՝ Հյուսիսային Իռլանդիային ԵՄ մաքսային միության մեջ եւ միացյալ եվրոպական շուկայում ընդգրկվելու ռեժիմը Brexit-ի անցումային շրջանից հետո: Ընդ որում, նշվում է, որ Իռլանդիայում «բրեքսթոփ»-ի կիրառումը ժամանակավոր բնույթ կկրի, իսկ Մեծ Բրիտանիան եւ Եվրամիությունն անհապաղ կսկսեն աշխատել մինչեւ 2020 թվականի դեկտեմբերը այլընտրանքային համաձայնագրերով դա փոխարինելու ուղղությամբ:
Իսկ առանց համաձայնագրի Brexit-ի դեպքում Մեծ Բրիտանիան միաժամանակ կդադարի իր անդամությունը ԵՄ-ի մաքսային միությանն ու միացյալ եվրոպական շուկային, իսկ եվրոպական շուկայում վաճառվող բրիտանական ապրանքների համար կսահմանվեն հարկեր:
Կարճաժամկետ հեռանկարում առանց գործարքի Brexit-ը կդժվարեցնի Մեծ Բրիտանիայի եւ մայրցամաքի միջեւ տրանսպորտային հաղորդակցումը, կհանգեցնի ապրանքների որոշ կատեգորիաների դեֆիցիտի, կխոչընդոտի Միացյալ Թագավորության եւ ԵՄ երկրների միջեւ առեւտուրը:
Այսօր, երբ անցկացվել է քվեարկությունը, երկիրն ի սկզբանե պետք է դուրս գար ԵՄ կազմից:
Ապրիլի 1-ին բրիտանական խորհրդարանը կշարունակի փնտրել Brexit-ի այլընտրանքները, հայտարարել է Մեյը Brexit-ի հարցով գործարքի քվեարկությունից հետո:




























