Եթե ջրամբարների վրա կառուցված հէկերի աշխատանքը չկանոնակարգվի այս տարի Սեւանից եւս լրացուցիչ ջուր են վերցնելու: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։

Նրա խոսքով, 5–7 տարի առաջ նման խնդիր չկար, սակայն այժմ՝ կա. «Երբ հէկերը չկային, ջրամբարների ջրի խնդիր չկար, երբ հէկերը կառուցեցին՝ կա։ Հէկերն ավելի շատ ջուր էին վերցնում, քան նախատեսված էր: Դատախազությունը զբաղվում է դրանով եւ կարծեմ նշել են, որ շուրջ 150 հէկ ջրօգտագործման նորմատիվները խախտել է»։

Բացի այդ, ըստ Հրաչ Բերբերյանի, ջրամբարները շեղվել են իրենց առաջնային նպատակից՝ ծառայել գյուղատնտեսությանը, ապահովել ոռոգման ջրով, վերածվել են էներգետիկ ջրամբարների. «Մեր երկիրը ոռոգման ջրի կարիք ավելի ունի, քան էներգետիկայի»։

Նա  առաջարկում է, որ այն համայնքներում, որտեղ հէկեր կան եւ խնդիրներ են ստեղծում, մարդիկ հավաքվեն, դիմեն որտեղ հարկն է, եւ եթե անհրաժեշտ է կասեցնեն դրանց աշխատանքը։ Դիտարկմանը, որ հէկերի սեփականատերերն ասում են, որ գումարներ ենք ներդրել, պատասխանում է. «է, թող չներդնեին»:

«Ջրամբարներում դեռ վատ վիճակ չէ, սակայն կհասցնեն վատ վիճակի»,– համոզված է Հրաչ Բերբերյանը։

Հիշեցնենք, որ 2018 թվականին Սեւանա լճից լրացուցիչ 40 մլն խմ ջրառ է իրականացվել: Սահմանված թույլատրելի սահմանը տարեկան 170 մլն խմ է, սակայն 210 մլն խմ ջրառ է կատարվել:

Նշենք, որ ԱԻՆ-ը ներկայացրել է Հայաստանի ջրամբարների լցվածությունը մարտի 29–ի դրությամբ: ըստ այդմ, Ախուրյան ջրամբարի տարողությունը 525 մլն խմ է, դեռեւս լցված է  217 մլն  խմ, Արփի լճի տարողությունը 105 մլն խմ  է, լցվածությունը կազմում է  42.6 մլն խմ, Ապարան ջրամբարի տարողությունը 91.0 մլն խմ է, լցված է  21.4 մլն խմ ջուր, Ազատի ջրամբարի տարողությունը 70 մլն խմ  է, լցվածությունը կազմում է 34.7 մլն խմ, Մարմարիկի ջրամբարի լցվածությունը 24 մլն խմ է, լցվածությունը կազմում է 7.40 մլն խմ, Կեչուտի ջրամբարի տարողունակությունը 25.0մլն խմ է, լցվածությունը կազմում է 21.7 մլն խմ ջուր։