ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը չի հիշում գլուխը համբուրելու այն միջադեպը, որի մասին պատմել է Նեւադայի նահանգապետի նախկին թեկնածու Լյուսի Ֆլորեսը՝ մեղադրելով նրան ոչ պարկեշտ վարքագիծ դրսեւորելու մեջ՝ հայտարարել է Բայդենի ներկայացուցիչ Բիլ Ռուսոն՝ հայտնել է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Ֆլորեսը Cut կայքին պատմել էր 2014թ․ նոյեմբերին նախընտրական միջոցառման ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին։ Նրա խոսքերով, իր ելույթից առաջ Բայդենը հետեւից մոտեցել է իրեն, ձեռքերը դրել է ուսերին եւ համբուրել գլուխը։ Ինչպես նշել են ԶԼՄ-ները, կինը այժմ է որոշել պատմել այդ միջադեպի մասին, քանի որ սկսել են լուրեր շրջանառվել, թե Բայդենը մտադիր է իր թեկնածությունը դնել 2020թ․ նախագահական ընտրություններում։
Ինչպես հայտարարել է Ռուսոն, քաղաքական գործիչն ուրախ է եղել սատարել Ֆլորեսի թեկնածությունը նահանգապետի պաշտոնում եւ «կարծում է, որ Ֆլորեսը իրավունք ունի կիսել իր հիշողությունները եւ մտքերը»։ «Ո՛չ այն ժամանակ, ո՛չ հետագա տարիներին նա եւ նրա թիմը չեն կասկածել, որ տիկին Ֆլորեսը ինչ-որ պահի անհարմարություն է զգացել, ինչպես նաեւ նրանք չեն հիշում, թե ինչ է նա նկարագրում»,- ասվում է Ռուսոյի հայտարարության մեջ։





























