Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը Նոր Զելանդիային կոչ է արել ապահովել արդարացի ներդրումային միջավայր: Այս մասին նա հայտարարել է Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնի հետ հանդիպման ժամանակ, ում երկիրը մերժել էր չինական հեռահաղորդակցային հսկա Huawei-ի հայտը 5G բջջային ցանցի ստեղծման մասին, փոխանցում է Reuters-ը:
Լի Կեցյանի հետ հանդիպումից առաջ Արդերնը հայտարարել է, որ Պեկինի հետ երկխոսության հույս ունի՝ կապված նորզելանդական հետախուզության որոշման հետ՝ Huawei-ի հայտը մերժելու մասին:
«Ներկայումս Չինաստանի եւ Նոր Զելանդիայի հարաբերություններն ընդհանուր առմամբ կայուն են զարգանում»,- նշել է Լի Կեցյանը Պեկինում Մեծ դահլիճում հանդիպման սկզբին՝ նշելով լավ հարաբերությունների ուղղությամբ Նոր Զելանդիայի ձգտման մասին:
«Մենք հույս ունենք, որ միմյանց շահերի շուրջ կկարողանանք հասնել ընդհանուր հայտարարի»,- նշել է նա՝ հավելելով, որ յուրաքանչյուր երկրի ընկերությունները ներդրումներ կատարելիս պետք է վստահ լինեն արդարացի, թափանցիկ եւ հարմարավետ բիզնես միջավայրի հարցում:
Արդերնը նշել է, թե կցանկանար ընդգծել այն նշանակությունը, որն իր երկիրը տալիս է Չինաստանի հետ հարաբերություններին: 2008 թվականին Նոր Զելանդիան դարձել է առաջին արեւմտյան երկիրը, որը Չինաստանի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիր է ստորագրել:
Լիի հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում Արդերնն ասել է, որ ինքը տեղեկություններ կներկայացնի, որոնք կապված են Huawei-ի արգելման վերաբերյալ Նոր Զելանդիայի որոշման հետ, որ այդ հարցում քաղաքական կամ դիվանգիտական ազդեցություն չի եղել:
Արդերնն ընդունել է, որ Չինաստանի հետ հարաբերություններում բարդություններ են եղել, բայց հերքել է Նոր Զելանդիայի խոշորագույն առեւտրային գործընկերոջ հետ տարաձայնությունների հետ կապված մտավախությունները:
Հիշեցնենք, որ չինական տեխնոհսկա Huawei-ն ներքաշված է ԱՄՆ մեղադանքների հետ կապված սկանդալի հետ, ըստ որի ընկերությունը լտեսում է չինական կառավարության օգտին: Վաշինգտոնն աշխարհի երկրներին կոչ է անում 5G ցանցերի ստեղծման համար հրաժարվել Huawei-ի սարքավորումներից՝ հակառակ դեպքում սպառնալով դադարեցնել նրանց հետ հետախուզական տվյալների փոխանակումը: Huawei-ն բոլոր մեղադրանքները հերքում է: Ընկերությունը ԱՄՆ կառավարության դեմ հայց է ներկայացրել:
Այս պահին, ԱՄՆ-ից բացի, Huawei-ի սարքավորումներն արգելել են Ավստրալիան եւ Նոր Զելանդիան:




























