Վաշինգտոնն ու Փհենյանը լի են վճռականությամբ շարունակելու ապամիջուկայնացման բանակցությունները, չնայած Հանոյում գագաթնաժողովի տապալմանը: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը, փոխանցում է Yonhap-ը:

Նրա խոսքով՝ քանի որ կողմերը Հանոյում չեն կարողացել համաձայնության հասնել, ժամանակավոր դժվարություններ են առաջացել, սակայն Սեուլը, Փհենյանը եւ Վաշինգտոնը չեն ցանկանում անցյալ վերադառնալ: Նա նշել է, որ Վաշինգտոն իր առաջիկա այցը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը անցկացվում է Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի՝ երկխոսության խթանը վերականգնելու ջանքերի շնորհիվ:

Մուն Չժե Ինը եւ Դոնալդ Թրամփը հանդիպելու են ապրիլի 9-ին:

Հարավային Կորեայի նախագահը հայտնել է, որ մտադիր է Թրամփի հետ քննարկել Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցության ընդլայնման ուղիները՝ Կորեական թերակղզում խաղաղ գործընթացի հետագա առաջընթացի նպատակով, որը կներառի Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցությունների վերականգնումը, թերակղզու լիակատար ապամիջուկայնացումը եւ միջկորեական եւ հյուսիսկորական-ամերիկյան հարաբերությունների բարելավումը:

Հիշեցնենք, որ Հանոյում փետրվարի վերջին տեղի էր ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի երկրորդ հանդիպումը: Սակայն կողմերը չէին կարողացել համաձայնության գալ Փհենյանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հարցում: Արդյունքում Թրամփը բանակցություններից հեռացել էր ժամկետից վաղ: Փհենյանը հայտարարել էր, որ Վաշինգտոնի հետ բանակցություններ չի վարի, մինչեւ այն չհրաժարվի իր «գանգստերական քաղաքականությունից»: