Մալայզիայի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակին կասկածում են ընդհանուր 367,9 մլն դոլարի հարկերի չվճարման մեջ: The Age պարբերականը հայտնում է, որ անցյալ շաբաթ հարկային մարմինները նրան նամակ են ուղարկել՝ 2011-2017 թվականներին լրացուցիչ եկամուտների մասին անմիջապես հաշվետու լինելու պահանջով:
Պարբերականի տեղեկություններով՝ Նաջիբ Ռազակը այս ժամանակահատվածի համար հարկերի մի մասը վճարել է այն եկամուտների հիման վրա, որոնք հրապարակային հասանելիություն ունեն: Սակայն հարկային մարմինների տեղեկություններով՝ նախկին վարչապետը չի հայտարարագրել է մոտ 1 մլրդ դոլար, այդ թվում՝ «ֆինանսական օգնությունը», որը ստացել է Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքից:
2018 թվականի մայիսին Նաջիբ Ռազակի կուսակցությունը պարտվել էր խորհրդարանական ընտրություններում: Վարչապետի պաշտոնից հրաժարականից հետո նրա դեմ քրեական գործ էր հարուցվել հափշտակությունների, կաշառք ստանալու, փողերի լվացման, ծառայողական դիրքի չարաշահման փաստերով: Երկրի իրավապահ մարմինների կարծիքով՝ նախկին վարչապետը հափշտակել է 680 մլն դոլարից ոչ պակաս:




























