Ճիշտ չէ քաղաքական ամբիցիաներից ելնելով, ներքաղաքական իրավիճակն օգտագործելով իրենց ամբիցիան առաջ տանել։ Այս մասին NEWS.am-ին ասաց Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռերի» այն հայտարարությանը, թե Արցախը պետք է դառնա Հայաստանի մարզ։

«Մենք միավորված ենք, իհարկե ոչ որպես մեկ պետություն, այլ որպես մեկ հայրենիք, բայց քաղաքական պահանջն այսօր թելադրում է, որ այս ձեւաչափն ավելի ճիշտ է: Գալ, քաղաքական ամբիցիաներից ելնելով, ներքաղաքական իրավիճակն օգտագործելով՝ իրենց ամբիցիան առաջ տանելը ճիշտ չէ: Կա քաղաքականություն, որով մենք հստակ գնում ենք, եւ այն ժամանակ մենք սկսել ենք որպես միացում, հետո հասկացել ենք, որ ճիշտ ճանապարհը սա է: Նաեւ այն ժամանակ մեր միջազգայնագետներն են հուշել, որ ավելի հեռանկարային ու ճիշտ ճանապարհը սա է՝ անկախություն: Իսկ երբ հստակ կունենանք անկախություն, այն ժամանակ ես համոզված եմ, որ առաջինը արցախցիներն են միասնական պետության պահանջը դնելու»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» կուսակցությունը սկսել է ստորագրահավաք՝ Արցախը Հայաստանին վերամիավորելու համար։