ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի վերահսկողության եւ կառավարական բարեփոխման կոմիտեն տվյալներ է ստացել այն մասին, որ  Թրամփի վարչակազմի  մի շարք հայտնի աշխատակիցներ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը հասանելի են դարձրել 25 անբարեհույս անձնաց, որոնց նախկինում անվստահության համար մերժել էին այդ հարցում, հաղորդում է The New York Times-ը:

Հրատարակությունը հաղորդում է, որ տվյալները հաղորդել է Տրիշա Նյուբոլդը՝ Սպիտակ տան աշխատակազմի անվտանգության բաժնի մենեջերը: Անցյալ ամիս նա Կոնգրեսի ստորին պալատի վերահսկողության եւ կառավարական բարեփոխման կոմիտեի անդամներին փակ ռեժիմով ցուցմունքներ է տվել: Մասնավորապես Նյուբոլդը նշել է, որ վերահիշյալ 25 անձանց թվում  Սպիտակ տան երկու բարձրաստիճան պաշտոնյաներ են:

Նրանց եւ մնացած անձանց նախկինում մերժել էին հասանելիություն տրամադրել պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությանը հետեւյալ պատճառներով՝ «արտաքին ազդեցություն, շահերի բախում, վարքի հետ կապված խնդիրներ, դեղերի օգտագործում եւ քրեական արարքներ»:

Թերթի աղբյուրները չեն նշում այդ անձանց անունները:

NBC  հեռուստաալիքը հունվարին հաղորդել էր, որ ԿՀՎ-ն եւ Սպիտակ տան անվտանգության աշխատակիցները  նախկինում երկու անգամ մերժել էին ԱՄՆ նախագահի փեսա եւ ավագ խորհրդական Ջարեդ Քուշներին հասանելիություն տրամադրել պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությանը արտասահմանյան երկրների հետ նրա կապերի պատճառով:

The New York Times-ի տվյալներով 2018-ին Թրամփը Սպիտակ տան աշխատակազի ղեկավարին հանձնարարել էր Քուշներին տրամադրել գաղտնի տեղեկատվությունը՝ չնայած հետախուզության աշխատակիցների եւ իրավաբանների առարկություններին: Ըստ հրապարակման՝ նախագահի այդ որոշումը մտահոգել է վարչակազմի բարձրաստիճան աշխատակիցներին: Այդ կապակցությամբ Դոնալդ Մաքգանը, որն այն ժամանակ Սպիտակ տան իրավաբան խորհրդատուն էր, ծառայողական նամակ էր պատրաստել, որում նշել էր, որ խորհուրդ չի տալիս Քուշներին համապատասխան հասանելիություն տրամադրել, ինչպես նաեւ հիշեցրել էր, որ դրա դեմ էին արտահայտվել ԿՀՎ ներկայացուցիչները: