Սպանված լրագրող Ջամալ Խաշոգջիի երեխաները իրենց հոր դաժան սպանության դիմաց Սաուդյան Արաբիայից փոխհատուցում են ստանում անշարժ գույքի եւ ամսական պատկառելի նպաստի տեսքով, հայտնում է The Washington Post-ը:
Պարբերականի կարծիքով՝ Էր Ռիադն այդպիսով փորձում է հանգուցյալի ժառանգների հետ «երկարաժամկետ գործարք» կնքել՝ իրենց հոր հետ տեղի ունեցածին առնչվող «հրապարակային հայտարարություններում զսպվածության» դիմաց:
Որպես հաստատում լրագրողի նախկին գործընկերները բերում են այն փաստը, որ The Washington Post-ի մեկնաբանի երեխաները վերջին շրջանում «զերծ են մնում թագավորությանն ուղղված քննադատությունից», չնայած տեղի ունեցածի ամբողջ սարսափելիությանը:
Պարբերականի աշխատակիցները պնդում են, որ իրենց տեղեկություններով Սաուդյան Արաբիայի կառավարությունը պատրաստվում է «գործը հարթելու» փորձերի շրջանակում Խաշոգջիի 2 որդիներից եւ 2 դուստրերից յուրաքանչյուրին լրացուցիչ մի քանի միլիոն դոլար փոխանցել սպանության մեջ կասկածվողի դատից հետո:
Նշվում է, որ նման գործարքի պայմանն է բարձրաստիճան սաուդցիների ներման խնդրագիրը, որոնց կարող են մահապատժի դատապարտել:
Պարբերականի պնդմամբ՝ 2018-ի վերջին 4 ժառանգները երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում մեկական տուն են ստացել՝ 4 մլն դոլար արժողությամբ:
Էր Ռիադի ներկայացուցիչները ամսական նպաստի վճարումը պատճառաբանում են նրանով, որ նման կարգի ֆինանսական աջակցությունը «ավանդույթների եւ մշակույթի մաս է ու ոչ մի այլ բանի հետ կապ չունի»:
Հիշեցնենք, որ The Washington Post-ի մեկնաբան սաուդական ծագումով Ջամալ Խաշոգջին անհետացել էր 2018 թվականի հոկտեմբերին այն բանից հետո, երբ մտել էր Ստամբուլում թագավորության հյուպատոսարան: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ լրագրողին դաժանորեն սպանել են: Պնդում կա, որ Խաշոգջիի մարմինը ճամպրուկներով տարվել է Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսի նստավայր: Մասունքները գտնվել են նստավայրի տարածքի ջրհորի մեջ:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ լրագրողին սպանած «արագ արձագանքման» խմբի անդամները նախապատրաստություն են անցել ամերիկյան ընկերությունում, որն ԱՄՆ Պետքարտուղարության լիցենզիա ունի:




























