Եգիպտոսում մի ամբողջ տարի կալանված ավստրալացու ընտանիքը Ավստրալիայի կառավարությանը կոչ է արել օգնել նրան հեռանալու այդ երկրից, տեղեկացնում է Associated Press-ը։
Ավստրալական Բրիսբենի բնակիչ Հազեմ Համուդան Կահիրեում ձերբակալվել է 2018 թվականի հունվարին այն բանից հետո, երբ ընտանիքի հետ այստեղ է եկել հանգստանալու։
Եգիպտոսի ոստիկանությունը նրան մեղադրել է երկրում արգելված «Եղբայր մուսուլմաններ» իսլամիստական խմբավորման հետ կապերի եւ սոցցանցերում ապատեղեկատվություն տարածելու մեջ։
Համուդա ընտանիքը հերքում է բոլոր մեղադրանքները։
Այս տարվա փետրվարին Համուդային ազատ են արձակել բանտից, բայց եգիպտական իշխանությունները չեն թողել, որ նա ինքնաթիռ նստի եւ մեկնի Ավստրալիա, անգամ չնայած այն բանին, որ ավստրալացուն ուղեկցել են երկրի հյուպատոսության աշխատակիցները։
Համուդայի 30-ամյա դուստրը՝ Լամիս Համուդան, դիմել է Ավստրալիայի իշխանություններին՝ խնդրագրով, որպեսզի օգնեն ազատել հորը Եգիպտոսից։
Նա նշել է, որ վախենում է, թե հայրը նորից կհայտնվի ճաղերի հետեւում։




























