Առաջիկա Brexit-ի համար բրիտանական տնտեսությունը հանրաքվեի անցկացման պահից մոտ 87 մլրդ ֆունտ սթեռլինգ է կորցրել, ինչը հավասար է մոտ 101,4 մլրդ եվրոյի։ Այսպիսի եզրահանգման են եկել ամերիկյան Goldman Sachs բանկի վերլուծաբանները՝ հայտնում է DW-ը։

Ինչպես հետեւում է փաստաթղթից, 2016թ․ հունիսից սկսած՝ Միացյալ Թագավորությունը ԵՄ-ից դուրս գալու բրիտանացիների որոշման պատճառով շաբաթական մոտ 700 մլն եվրո է կորցրել։ Բրիտանիան Brexit-ի պատճառով նաեւ կորցրել է իր ՀՆԱ-ի մոտ 2,5 տոկոսը՝ կարծում են փորձագետները։

Goldman Sachs-ում նշել են, որ վերջին օրերին էապես աճել է (35-ից հասել է 40 տոկոսի) այն հավանականությունը, որ Մեծ Բրիտանիան այդպես էլ դուրս չի գա ԵՄ-ից։ Մինչդեռ անվերահսկելի Brexit-ի հնարավորությունը բանկի վերլուծաբանները 15 տոկոս են գնահատում։

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ վարչապետ Թերեզա Մեյի կողմից առաջարկված գործարքը երեք անգամ մերժվել է խորհրդարանի կողմից, որը նախօրեին հավանության չի արժանացրել նաեւ հետագա գործողությունների այլընտրանքային տարբերակը։