Ապրիլյան պատերազմի մասնակիցներն ունեն հաշմանդամության կարգի և զինգրքույկներում պատերազմի մասնակցության գրառման խնդիր: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին լրարգրողների հետ զրույցում ասացին «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորման անդամները։
«Հաճախ ենք լսում, որ շատերը այդ օրերի գործողությունները համարում են մի փոքր լայնամասշտաբ ռազմական գործողություն։ Ապրիլյանը պատերազմ է, մի՞թե Արցախը պետք գրավեին, նոր համարվեր պատերազմ: Եվ այդ հիմքով էլ մեզ որևէ ընդառաջում չկա»,- ասաց ՀԿ նախագահ Մանուել Մանուկյանը։
Մասնակիցների խոսքով՝ ապրիլյանի օրերին հայերը ավելի համախմբված են եղել, քան՝ հեղափոխության օրերին. «Եթե մենք նմանատիպ միասնականությունը չենք կարող պետական մակարդակով առանձնացնել, դա մեզ համար անհասկանալի է: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն խոսքին, որ պետք է օրացույցի հետ զգույշ վարվել, այո, պետք է զգույշ վարվենք, բայց սա հիշատակելով՝ մենք կսերմանենք սերունդների մեջ հայրենասիրություն»,- ասաց Մանուկյանը:
Ապրիլյան պատերազմում վիրավորված զինծառայող Միքայել Սահակյանն ասաց, որ խնդիրներ են առաջանում հաշմանդամության կարգի հետ կապված. «Մոտ մեկ ամիս առաջ դիմել եմ Պաշտպանության նախարարություն, որպեսզի բուժզննում անցնեմ, կարգս վերականգնեմ, բայց ստացել եմ բացասական պատասխան: Ասում են՝ առողջական խնդիրներս բարելավված են: Թոքերիս մեջ կա երեք հատ բեկոր, իմ շնչառությանը շատ է խանգարում: Ծանր աշխատանքներ չեմ կարողանում կատարել»,- պատմեց Միքայելը:
Նրա խոսքով՝ երկու տարի ստացել է հաշմանդամության երրորդ կարգի թոշակ, սակայն մեկ տարի առաջ կարգը հանել են. «Վիրավոր շատ տղաներ կան, որոնց որևէ օգնություն չի տրվում ոչ մի պետական մարմնից: Դեղերի գումարն էլ եմ ինքս տալիս: Կա վերականգնողական կենտրոն, գովելի է, բայց մարզերում ապրող զինվորների հարցը ինչպե՞ս պետք է լուծվի, օրինակ ես Գյումրիից եմ»,- ասաց Միքայելը:
Նրանց խոսքով՝ զինգրքույկում պատերազմի մասնակցության հետ կապված նույնպես խնդիրներ կան. ամռանը զորացրված զինվորների մասնակցության մասին գրվել է, իսկ դրանից հետո զորացրվողներինը չի գրվել. «Դե չեն գրում, որ քիչ ծախսեր լինեն: Նույն դիրքում կռված տղերքից մեկի զինգրքույկում գրել են՝ կռվել է, բայց մյուսինը չի գրվում: Մենք չենք ուզում, որ ուղղակի չոր նշվի, պարզապես դա արժանապատվության հարց է: Չենք ուզում՝ պատմությունը կեղծվի»:
Մասնակիցները դիմել են Պաշտպանության նախարարությանը, նախկին և ներկայիս իշխանություններին՝ զինգրքույկի գրառման հարցով: Ասում են, որ հարցը մասամբ լուծվել է. «Հիմա որոշների զինգրքույկում գրառում արվում է՝ «ապրիլից 2-6-ը իրականացրել են մարտական հերթապահություն», մյուս զինվորների զինգրքույկների՝ երկու կամ մեկ տարի իրականացրած մարտական հերթափոխությունը նույնն է գալիս: Այսինքն՝ գործողությունների մասին կոնկրետ նշում չկա»,-ասացին նրանք:
Վերջում անդրադառնալով՝ արդեն երեք տարի գործող իրենց ստեղծած ՀԿ-ին, ասացին, որ ֆինանսական աջակցություն չունեն: Կատարել են մի շարք մշակութային միջոցառումներ և ստացված հասույթն էլ տրամադրել են զինծառայողների վերականգնողական կենտրոնին:






























