Ղազախստանի Մաժիլիսը (խորհրդարանի ստորին պալատ) չորեքշաբթի վավերացրել է Կասպից ծովում միջադեպերի կանխման համաձայնագիրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով խորհրդարանի մամուլի կենտրոնին:
Համաձայնագիրը ստորագրվել է Ակտաու քաղաքում 2018-ի օգոստոսի 12-ին:
Այն վերաբերում է Կասպից ծովում, տարածքային ջրերից դուրս եւ դրանց օդային տարածքում գործող կողմերի ռազմանավերին եւ ինքնաթիռներին:
«Կողմերի ռազմանավերի եւ օդանավերի գործողությունները պետք է իրականացվեն համաձայնագրի դրույթների համաձայն `չվնասելով կողմերի պետությունների ինքնիշխան եւ բացառիկ իրավունքները եւ չպետք է հանգեցնեն անարդարացի խոչընդոտների կողմերի ինքնիշխան եւ բացառիկ իրավունքների իրականացման ժամանակ», - ասվում է Մաժիլիսի միջազգային գործերի, անվտանգության եւ պաշտպանության կոմիտեի եզրակացությունում:
Համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն կողմերը պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի ռազմանավերի հրամանատարները անշեղորեն կատարեն 1972 թվականի Ծովում նավերի բախման զգուշացման միջազգային կանոնները:
Բացի այդ Մաժիլիսը վավերացրել է Ռուսաստանի հետ ռազմական նշանակության արտադրանքի առկայության եւ նպատակային օգտագործման վերահսկողության իրականացման կարգի մասին համաձայնագիրը: Ռազմական նշանակության արտադրանքը մատակարարվում է 2013-ի դեկտեմբերին Ղազախստանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ կնքված ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի շրջանակում:
Համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 29-ին Մոսկվայում: Փաստաթղթի համաձայն, պայմանագրի շրջանակներում ռազմական արտադրանք մատակարարող կողմը իրավունք ունի վերահսկելու դրա առկայությունը եւ նպատակային օգտագործումը: Իսկ այն կողմը, որին մատակարարվում է ռազմական արտադրանք, անհրաժեշտ պայմաններ է ստեղծում մատակարարի համար` վերահսկողություն իրականացնելու նպատակով:





























