ՀՀ քննչական կոմիտեում այսօր՝ ապրիլի 3-ին, կայացել է Քրեական գործերով խափանման միջոց կիրառելու հիմքերի, խափանման միջոց կիրառելու կարգի, կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետի վերաբերյալ ուղեցույցի շնորհանդեսը, որի հեղինակներն են Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, կոմիտեի իրավական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Անուշ Գասպարյանը եւ ԱԺ նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը եւ Անդրանիկ Քոչարյանը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը եւ այլք։
Արտակ Զեյնալյանը եւ Հայկ Գրիգորյանն իրենց խոսքում ցանկություն հայտնեցին, որ ուղեցույցը դառնա սեղանի գիրք քննիչների համար։
Ուղեցույցում ընդգրկվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի՝ ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքի համատեքստում խափանման միջոց կալանավորման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշումների, Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացված վճիռների սեղմագրերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի 2007-2017 թվականների ընթացքում կայացրած բոլոր ըստ էության որոշումների սեղմագրերը, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-138-րդ հոդվածներով ամրագրված խափանման միջոց կիրառելու հիմքերին, խափանման միջոց կիրառելու կարգին, կալանավորմանը եւ կալանքի տակ պահելու ժամկետին:





























