Ադրբեջանում գործող քաղաքական համակարգի առանձնահատկությունն այն է, որ երկրի իշխանություններին անհրաժեշտ է մշտապես ակտուալացնել արտաքին թշնամու խնդիրը։ Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ զրույցում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։

Ըստ նրա՝ փաստը, որ Ադրբեջանի նախագահի դիրքորոշումը, որը նա հնչեցրել է բանակցություններից անմիջապես հետո, տարբերվում է նրանից, ինչը նա հնչեցրել է Բաքվում, վկայում է հենց այդ մասին։ «Հակահայկական քարոզչությունն Ադրբեջանում կարիք ունի մշտական սնուցման։ Բայց առանց վստահության անհրաժեշտ մթնոլորտի ստեղծման բանակցությունները հեռանկար չունեն»,- ընդգծել է պատգամավորը։ Նա նշել է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մտադիր է փակ բանակցություններ վարել Հայաստանի վարչապետի հետ եւ քննարկել Ալիեւի հետ Վիեննայում բանակցությունների բոլոր մանրամասները։ «Օրենսդիր մարմնի եւ խորհրդարանական դիվանագիտության ներկայացուցիչները պետք է տիրապետեն ողջ տեղեկատվությանը»,- հավելել է Գեւորգ Գորգիսյանը։

Նա պարզաբանել է, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպումից առանձնապես սպասելիքներ չի ունեցել։ «Կարծում եմ, որ հանդիպումն ինքնին դրական է։ Սկզբից եւեթ ակնհայտ էր, որ հանդիպումը կրելու է ավելի շուտ ճանաչողական բնույթ»,- ընդգծել է պատգամավորը։

Գորգիսյանը նկատել է, որ Հայաստանը հետապնդում է Ղարաբաղը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու նպատակ, իսկ Ադրբեջանը դա թույլ չի տա։ «Մենք պետք է մեր միջազգային գործընկերներին հասցնենք այն, որ առանց Ղարաբաղի մասնակցության բանակցային  գործընթացն արդյունավետ չի լինի»,- նշել է նա։

Պատասխանելով NEWS.am-ի  թղթակցի հարցին, թե ինչ կարող է նշանակել հումանիտար համագործակցության մասին հայտարարությունը, պատգամավորը պարզաբանել է, որ գերիների փոխանակման հարցում կողմերը պետք է մշտական շփման մեջ գտնվեն։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջին պաշտոնական հանդիպումը։ Նախորդ հանդիպումները պաշտոնական չէին։ Երկուսն էլ հանդիպումը դրական են գնահատել։ Իրենց հայտարարությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաստատել են, որ հանդիպումն անցել է դրական եւ կառուցողական մթնոլորտում։