Եթե որեւէ մեկը կարողանում է երկրից դուրս մասնագիտական գործունեություն իրականացնելով ձեռք բերել ֆինանսական ռեսուրսներ, ապա երկրին նրա մատուցած ծառայությունները պետք է լինեն անհատույց։ Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։
«Պետությանը ցանկացած մարդ պարտավոր է իր ծառայությունները մատուցել, իհարկե եթե կա սոցիալական վիճակի պահպանման անհրաժեշտություն, պետք է դա լինի որոշակի վարձատրության դիմաց, բայց եթե դու կարող ես երկրից դուրս մասնագիտական գործունեություն իրականացնելով ձեռք բերել ֆինանսական ռեսուրսներ, ապա երկրին քո մատուցած ծառայությունները պետք է լինեն անհատույց»,–նշեց նա։
Կոստանյանը պարզաբանեց՝ այժմ զբաղված է ստեղծագործական եւ մասնագիտական գործունեությամբ. «Զբաղված եմ ստեղծագործական եւ մասնագիտական գործունեությամբ ինչպես ՀՀ–ում, այնպես էլ ՀՀ–ից դուրս, մանկավարժական գործունեությամբ զբաղված չեմ, չեմ ուզում»։
Հարցին՝ կարոտո՞ւմ է այն ժամանակները, երբ պետական պաշտոնյա էր, նա պատասխանեց. «Երբ դու պաշտոնը զբաղեցնում ես եւ տեսնում ես, որ դա հատկապես պարտականություններ եւ պատասխանատվության ամբողջություն է, եւ հատկապես իրավապահ համակարգում ամեն մի անձին ձերբակալելու, կալանավորելու կամ դատական պրոցեսի ընթացքում այդ ամբողջը ապրում ես, եթե գիտակցում ես քո զբաղեցրած պաշտոնի ծանրությունը, ես ձեզ վստահեցնում եմ՝ կարոտելու բան չէ»։





























