Ապրիլի 3-ին պաշտոնական այցելությամբ Ադիս-Աբեբայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում ունեցավ Եթովպիայի նորարարության եւ տեխնոլոգիայի նախարար Գետահուն Մեկուրիայի եւ նախարարության ներկայացուցիչների հետ։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Զոհրաբ Մնացականյանը եւ Գետահուն Մեկուրիան մտքեր փոխանակեցին երկու երկրների միջեւ նորարարության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկրաների շուրջ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը նշեց.«Մենք Եթովպիա ենք եկել շատ հստակ օրակարգով՝ ընդլայնելու, ամրապնդելու մեր երկու ազգերի միջեւ հարաբերությունները, որոնք շատ լավ են ճանաչում միմյանց եւ ունեն շատ ամուր պատմական կապեր: Եվ մենք հավատացած ենք, որ այս խորն արմատներ ունեցող բարեկամության հիման վրա կարող ենք կառուցել շատ ամուր հարաբերություններ երկու պետություների, երկու ժողովուրդների միջեւ:

Դուք նշեցիք բարձր տեխնոլոգիաները որպես տնտեսական զարգացման հիմնական եւ կարեւոր խթան. մենք նույնպես լիովին կիսում ենք այդ տեսլականը մեր երկրի զարգացման օրակարգում եւ հավատացած ենք, որ ներկայումս խելացի զարգացումը ամուր եւ կայուն զարգացման հիմքն է»:

Զրուցակիցներն անդրադարձան ստեղծագործ կրթության եւ թվային օրակարգի շրջանակներում Հայաստանում կիրառվող փորձին եւ արձանագրված հաջողություններին՝ ի դեմս ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Արմաթ ինժեներական լաբորատորիաների ցանցի եւ Հայկական ազգային ինժեներական լաբորատորիայի (ANEL)՝ շեշտելով այդ ոլորտներում փորձի փոխանակման համար համատեղ ծրագրերի նախաձեռնման անհրաժեշտությունը:

Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ պատվիրակության կազմում հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայացուցիչների ընդգրկումը հնարավորություն է ընձեռում առարկայական մտքերի փոխանակում իրականացնել տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության եւ էլեկտրոնային կառավարման ոլորտներում եթովպական ընկերությունների հետ համագործակցության հեռանկարների եւ հնարավորությունների շուրջ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց նաեւ հոկտեմբերին Երեւանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքները՝ հույս հայտնելով, որ եթովպական կողմը կդիտարկի այդ միջոցառմանը մասնակցելու հնարավորությունը:

Այնուհետեւ ոլորտային զեկույցներով հանդես ՀՀ ԱԳ նախարարի պատվիրակության կազմում ընդգրկված Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (ՁԻՀ) բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը, Հայաստանի Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների միության ներկայացուցիչ եւ «Իստիգեյթ» ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանը եւ «IUnetworks» ընկերության բիզնես զարգացման ղեկավար Լեւոն Բաբայանը:

Հայաստանի Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների միության ներկայացուցիչը հայտնեց, որ միության վերջին հինգ տարիների ընթացքում այն մի քանի փոխադարձ այց էր կազմակերպել երկու երկրների միջեւ՝ կրթական, գիտական եւ պաշտպանական ուղղություններով համագործակցության նպատակով: Մասնավորապես, համաձայնություն է ձեռք բերվել Եթովպիայի ՏՏ նախարարության հետ՝ Եթովպիայի հիսուն դպրոցներում Արմաթ ճարտարագիտական աշխատանոցների տեղադրման ուղղությամբ: Այդ ծրագրի առնչությամբ Եթովպիայի ՏՏ նախարարը վստահություն հայտնեց, որ գալիք սերնդին անմասն չի թողնի քսանմեկերորդ դարի գիտատեխնիկական առաջընթացից: 

«IUnetworks» ընկերության բիզնես զարգացման ղեկավար Լեւոն Բաբայանն իր խոսքում ներկայացրեց Եթովպիայի հետ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները՝ մատնանշելով այդ ոլորտում Հայաստանի ձեռքբերումները եւ թափանցիկությունը: Լեւոն Բաբայանը ներկայացրեց նաեւ նաեւ «IUnetworks» ընկերության լուծումները էլեկտրոնային կառավարման ոլորտում եւ Հայաստանում դրանք կիրառելու փորձը:

Հանդիպման շրջանակներում Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը հուշագիր ստորագրեց Ադիս-Աբեբայի համալսարանի համակարգչային գիտությունների բաժնի հետ: Հուշագիրը նախատեսում է երկու երկրներում համատեղ կրթական, հետազոտական եւ ակադեմիական ծրագրերի անցկացում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկրների խաչաձեւ համագործակցություն, համատեղ նախագծերի իրականացում, այդ թվում` Ադիս Աբեբայի համալսարանում Ազգային ինժեներական լաբորատորիաների մոդելի (ANEL) ներդրում: