Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում անհրաժեշտ է անցնել կոնկրետ գործողությունների։ Այս մասին ապրիլի 4-ին ԵՄ Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված կոնֆերանսում ասել է «Քաղաքական եւ տնտեսական հետազոտությունների կենտրոն» ՀԿ ղեկավար Բենիամին Պողոսյանը։

Նրա խոսքով՝ Երեւանը պետք է աշխատի այն իրավական հիմքով, որն արդեն կա։ «Այն փաստը, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է եւ միաժամանակ ակտիվ քաղաքականություն է վարում եվրոպական երկրների հետ, մի կողմից՝ հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքական եւ տնտեսական համագործակցությունը գործընկերների հետ, մյուս կողմից՝ նման մոտեցումը թույլ չի տալիս էլ ավելի խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ»,- նշել է նա։

Փորձագետի խոսքով՝ կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը հնարավորություն է տալիս ազատվել արտաքին խաղացողների հնարավոր ճնշումից։ «Ռուսաստանի հետ հարաբերություններն, անշուշտ, կարեւոր են, բայց Արեւմուտքի հետ համագործակցությունը թույլ է տալիս ստեղծել հավասարակշռություն Հայաստանի վրա Մոսկվայի ազդեցության չափից ավելի ուժեղացման առումով։ Մյուս կողմից՝ Ռուսաստանի եւ տարածաշրջանային մյուս հարեւանների հետ հարաբերությունները զսպում են Արեւմուտքի հավանական չափից ավելի ազդեցության ուժեղացումը»,- ընդգծել է Պողոսյանը։