Դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ) մարտի 8-ի տոնին իր սիրելի կանանց նվերներ չի մատուցում. նա նախընտրում է փողը, եւ նվերների փոխարեն իր սիրելիներին սովորաբար գումար է տալիս։ Այս մասին դերասանը խոստովանեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ։
«Ես ընդհանրապես պայմանավորվում եմ կանանց հետ, փող եմ տալիս նրանց ու պրծնում եմ, հա մեկ էլ ծաղիկ եմ առնում։ Էդ րոպեին ինչքան եղավ, այնքան էլ տալիս եմ, նայած ում՝ ոնց։ Միշտ որպես կանոն դժվարանում եմ պիտանի նվերներ առնել, դրա համար էլ նախընտրում եմ գումար տալ»,- բացատրեց Սերգեյ Դանիելյանը։
Հարցին, թե այս տարի շա՞տ կանանց է պատրաստվում «փող բաժանել», դերասանն ասաց. «Այդ կանայք այնքան էլ շատ չեն, բայց ինձ հերիքում են»։
«Մալխաս» ջազ ակումբի տնօրեն, հայտնի ջազ-երաժիշտ Լեւոն Մալխասյանն էլ նշեց, որ կնոջ եւ դստեր մարտի 8-ը շնորհավորելու է տանը, արդեն իսկ պատրաստել է նրանց նախասիրություններին համաատասխանող նվերներ, բայց թե հատկապես ինչ՝ չցանկացավ նշել։ «Միայն կարող եմ ասել, որ ծաղիկներ անպատճառ լինելու են»,- ասաց ջազմենը՝ ավելացնելով նաեւ, որ մարտի 8-ին «Մալխաս» ջազ- ակումբում կանանց նվիրված մեծ համերգ է լինելու։
Հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանն իր հերթին տեղեկացրեց, որ մարտի 8-ին իր կնոջը «մի հատ պաչիկ եւ ծաղիկներ» է տալու։ «Ես հին մարդ եմ, իմ ավանդույթներով եմ շարժվում, պաչիկն ու ծաղիկը միշտ էլ կան, իսկ մնացած նվերները թող գաղտնիք մնան»,- ասաց նա՝ միաժամանակ ավելացնելով, որ ավելի լավ է սիրելիին սրտանց մեկ ծաղիկ նվիրել, քան ադամանդե քարով մատանի ու հետո կնոջ «քթից բերել»։




























