Լիբիայի ազգային բանակի գլխավոր հրամանատար Խալիֆա Հաֆթարը տեսաուղերձով իր զորքերին հրամայել է հարձակվել երկրի մայրաքաղաք Տրիպոլիի վրա: Լիբիայում երկիշխանություն է. երկրի մի մասը վերահսկում է կառավարությունը, մյուսը՝ խորհրդարանը եւ Հաֆթարի բանակը:
«Մենք Աստծո կամքով կշարունակենք ընթանալ հաղթական երթով, մեր պայքարը շարունակվում է: Մենք այսօր, ինչպես եւ խոստացել էինք, պատասխանում ենք Տրիպոլիում մեր մարդկանց կոչին, քանի դեռ նրանց համբերությունը չի հատնել»,- նշված է 75-ամյա ֆելդմարշալի ուղերձում, փոխանցում է BBC-ն:
Տեսանյութը վերնագրված է «Տրիպոլիի ազատագրման գործողություն», որում Հաֆթարն ասում է, որ գործողությունը լիբիացի ժողովրդի պահանջի պատասխանն է՝ «քաղաքում գրոհայինների եւ ահաբեկիչների իշխանությանը վերջ տալու մասին»: Հաֆթարը նաեւ Տրիպոլիի բնակիչներին կոչ է արել «զենքերը վայր դնել եւ սպիտակ դրոշ բարձրացնել», նա հրամայել է խաղաղ բնակիչների եւ արտասահմանցիների վրա չկրակել:
Հինգշաբթի ավելի վաղ հաղորդվել էր, որ Հաֆթարի զորքերը իրենց վերահսկողության տակ են վերցրել Գարյան քաղաքը, որը Տրիպոլիից ոչ պակաս, քան 100 կմ հեռավորությամբ է գտնվում: Լիբիայի ազգային բանակը հայտարարել էր, որ վերահսկողություն է հաստատել նաեւ Սուրման քաղաքի վրա, որն արդեն 60 կմ է հեռու Լիբիայի մայրաքաղաքից:
2011 թվականին քաղաքացիական պատերազմից եւ երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո Լիբիայում երկիշխանություն է պահպանվում: Արեւելքում իշխում է խորհրդարանը եւ ֆելդմարշալ Հաֆթարի հրամանատարության ներքո գտնվող բանակը: Արեւմուտքում՝ Տրիպոլիիում, ազգային համաձայնության կառավարությունը, որը ձեւավորվել է ՄԱԿ-ի աջակցությամբ եւ ճանաչվել միջազգային հանրության կողմից:





























