Հյուսիսային Կորեան Հարավային Կորեայի իշխանություններին քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու պատճառով՝ դրանք անվանելով Կորեական թերակղզում լարվածության գլխավոր աղբյուրը, հայտնում է Rodong Sinmun-ը:
«Այս համատեղ զորավարժությունները, որոնք հարավկորեացի զինվորականներն անցկացրել են ԱՄՆ-ի հետ, հակասում են ժողովրդի ցանկությանը եւ միջազգային հանրության պահանջներին»,- նշված է մեկնաբանության մեջ: Հոդվածի հեղինակների կարծիքով՝ համանման քայլերը սպառնալիքի տակ են դնում Կորեական թերակղզում խաղաղ ջանքերը:
«Չպետք է թույլ տրվեն արտասահմանյան զինված ուժերի հետ համատեղ զորավարժությունները, որոնք Կորեական թերակղզում լարվածության գլխավոր աղբյուրն են,- ընդգծվում է հոդվածում: - Ամբողջությամբ պետք դադարեցվի նաեւ արտասահմանյան ռազմական տեխնիկայի, այդ թվում ռազմավարական սպառազինության տեղակայումը»:
Հյուսիսային Կորեայի կոշտ քննադատությունը հարուցել են ապրիլի սկզբին հարավկորեական Չեջուդո կղզու մոտ անցկացված զորավարժությունները, որին մասնակցելու համար զորավարժությունների շրջան է ժամանել ԱՄՆ առափնյա պահպանության Bertholf նավը: Զորավարժությունների ժամանակ ԱՄՆ ՌԾՈՒ նավաստիները Հարավային Կորեայի ծովային ոստիկանության հետ համատեղ մշակել են Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցների խախտումների կանխման գործողություններ:





























