Նախագահ Դոնալդ Թրամփը տրտնջացել է ԱՄՆ, Չինաստանի, Ռուսաստանի ծախսերից զենքի արտադրության վրա, ներառյալ միջուկային զենքը։ Նա նշել է, որ այդ միջոցները կարելի է ուղղել այլ նպատակների, տեղեկացնում է Reuters-ը։
Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեի հետ Օվալաձեւ կաբինետում հանդիպման ժամանակ Թրամփը, խոսելով Չինաստանի հետ հնարավոր առեւտրային գործարքի կնքման մասին, անդրադարձել է ռազմական ծախսերին եւ զենքի արտադրությանը։ «Ինչպես գիտեք, Չինաստանը շատ փող է ծախսում զինված ուժերի վրա, մենք նույնպես, ինչպես եւ Ռուսաստանը, եւ այս երեք երկրները, ես կարծում եմ, կարող են միասին հավաքվել ու կրճատել ծախսերը՝ միջոցներն ուղղելով այն բաների վրա, որոնք, գուցե, ավելի արդյունավետ են երկարաժամկետ խաղաղության համար»,- ասել է Թրամփը։ «Կարծում եմ, շատ ավելի լավ կլիներ, եթե մենք բոլորս միասին հավաքվեինք եւ հրաժարվեինք այդ զենքից»,- ասել է նա։
Թրամփի խնդրանքին՝ մտածել այս առաջարկության մասին, փոխվարչապետն ասել է, որ դա լավ գաղափար է համարում։





























