ԱՄՆ-ը չեղարկել է Միջազգային քրեական դատարանի դատախազ Ֆաթու Բենսուդայի մուտքի վիզան՝ ի պատասխան նրա՝ Աֆղանստանում ԱՄՆ ուժերի կատարած հնարավոր ռազմական հանցագործությունների հետաքննության, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով Բենսուդայի գրասենյակին։

Մարտին պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել էր, որ ԱՄՆ-ը հետ կկանչի կամ կմերժի վիզաներ տալ ՄՔԴ աշխատակիցներին, որոնք հետաքննում են նման մեղադրանքներն ԱՄՆ ուժերի կամ նրա դաշնակիցների դեմ։

ՄԱԿ մարդու իրավունքների գծով փորձագետները Վաշինգտոնի արձագանքն անվանել են «անպատշաճ միջամտություն» ռազմական հանցագործությունների միջազգային դատարանի գործերին։ Դա քննադատական ալիք է առաջ բերել նաեւ Եվրամիությունում։

«Մենք կարող ենք հաստատել, որ ԱՄՆ իշխանությունները չեղարկել են ԱՄՆ մուտքի վիզան»,- գործակալությանը տեղեկացրել է Բենսուդան։ Նա նշել է, որ հասկանում է, որ այդ քայլը չպետք է ազդի ԱՄՆ իր ուղեւորության վրա՝ Միավորված Ազգերի Կազմակերպության առջեւ իր պարտականությունները կատարելու համար։

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ միջազգային կազմակերպությունների՝ ԱՄՆ պաշտոնական այց նախատեսող անդամները կարող են դիվանագիտական վիզա ստանալու հայտ ներկայացնել։ «Մենք խորհուրդ ենք տալիս հայտերը ներկայացնել որքան հնարավոր է շուտ, որպեսզի առավելագույնս մեծանան հնարավորությունները»,- ասել է ներկայացուցիչը։

ԱՄՆ-ը չի մտնում ՄՔԴ կազմի մեջ խոշոր այլ տերությունների՝ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ միասին։

2017 թվականի նոյեմբերից Բենսուդան հետաքննում է Աֆղանստանում բոլոր կողմերի հնարավոր ռազմական հանցագործությունները, ներառյալ ԱՄՆ անձնակազմի հնարավոր դերը կասկածյալների կալանման առնչությամբ։

ՄՔԴ դատավորները դեռեւս ուսումնասիրում են նյութերը եւ վճիռ չեն կայացրել Աֆղանստանում պաշտոնական հետաքննություն բացելու վերաբերյալ։

ՄՔԴ-ն վերջին ատյանի դատարան է՝ 122 անդամ պետությունով, գործում է միայն այն ժամանակ, երբ նրա իրավազորության ներքո գտնվող երկրներն ի վիճակի չեն լինում կամ չեն ցանկանում լրջորեն հետաքննել ռազմական հանցագործությունները, ցեղասպանությունը կամ լուրջ չարագործությունները։