Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեին:
Վարչապետը նշել է, որ վերջին շրջանում հայ-գերմանական հարաբերությունները նոր թափ են ստացել, ինչի մասին են վկայում բարձրաստիճան պաշտոնական պարբերական փոխայցերն ու հանդիպումները:
Նիկոլ Փաշինյանը նաեւ կարեւորել է երեկ Գերմանիայի Բունդեսթագի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ նշելով, որ դա ազդակ կհանդիսանա նաեւ ԵՄ անդամ մյուս երկրների կողմից վավերացման համար: Անդրադառնալով իրավական ոլորտում հայ-գերմանական համագործակցությանը՝ վարչապետը նշել է, որ Հայաստանում տեղի են ունեցել արմատական քաղաքական փոփոխություններ, որոնց նպատակը օրենքի եւ իրավունքի գերակայության հաստատումն է եւ ժողովրդավարության ինստիտուցիոնալ հզորացումը:
Այս համատեքստում կառավարության ղեկավարն ընդգծել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների կարեւորությունը եւ միջազգային առաջադեմ, այդ թվում՝ գերմանական փորձի ուսումնասիրությունը եւ փոխանակումը:
Գերմանիայի սահմանադրական դատարանի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեն նշել է, որ գոհունակությամբ հետեւում են Հայաստանում ընթացող գործընթացներին եւ պատրաստ են աջակցել մեր երկրին՝ ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Նա ընդգծել է առհասարակ սահմանադրական դատարանների դերի կարեւորությունը արդարադատության ոլորտի բարեփոխումների հաջող իրականացման գործում:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ իրավական համագործակցության հետագա ամրապնդմանը վերաբերող հարցեր, վերահաստատել այդ ուղղությամբ արդեն իսկ առկա արդյունավետ գործակցությունը շարունակելու պատրաստակամությունը: Կողմերը նաեւ մտքեր են փոխանակել խորհրդարանական կառավարման համակարգի գործունեության շուրջ:





























