Նոր սկանդալ է առաջացել Դավիթ Բագրատիոն Մուխրանսկու շուրջ. վրացական արքայական դինաստիայի ներկայացուցիչը Վրաստանից մեկնել է այն բանից հետո, երբ նրա նախկին կինը՝ Աննա Բագրատիոն Գրուզինսկայան ոստիկանությանը ծեծի մասին բողոք է ներկայացրել եւ փաստի առթիվ քննություն է սկսվել, գրում է Նովոստի-Գրուզիան:

Փաստաբան Լեւան Չխեիձեի խոսքով՝ Դավիթը մտածում է նաեւ ընդհանրապես Վրաստան չվերադառնալու մասին: Պատճառն այն է, որ Դավիթը չի ցանկանում, որ նրան տեսնեն ոստիկանությունում ցուցմունք տալուց:

Բացառված չէ նաեւ, որ Դավիթ Բագրատիոն Մուխրանսկին Իսպանիայում քաղաքական ապաստան կխնդրի, որտեղ նա ծնվել է եւ թագավորության հետ կապեր է պահպանում:

Փաստաբանը հայտնել է, որ Դավիթը մտադիր չէ համագործակցել քննության հետ:

«Նա պարտավոր չէ ինքն իր դեմ ցուցմունքներ ներկայացնել, դա նրա սահմանադրական իրավունքն է եւ նա դրանից կօգտվի», — ասել է Չեխիձեն:

Փաստաբանի խոսքով՝ Դավիթ Բագրատիոնիի մեկնումը Իսպանիա կապված չէ ընթացիկ քննության հետ, քանի որ Վրաստանում գտնվելով նա եւս չէր համագործակցի քննչական մարմինների հետ:

Սակայն, եթե քննությունը Դավիթի դեմ մեղադրանք ներկայացնի, ապա նա դա որպես քաղաքական հետապնդում կդիտարկի:

«Դա քաղաքական հետապնդում կլինի եւ այդ դեպքում իմ պաշտպանյանը արտասահնանում քաղաքական ապաստան կխնդրի», — ասել է Չխեիձեն:

Աննա Բագրատիոն Գրուզինսկայան ոստիկանությում մի քանի ժամ հարցաքննության է եղել ապրիլի 2 եւ 3-ին: Նրա դիմումից հետո  ՆԳՆ-ն Վրաստանի ՔՕ 126-րդ հոդվածով, որը վերաբերում է ընտանքիում բռնության դեպքերին, հետաքննություն է սկսել:

Հնարավոր ընտանեկան բռնության մասին գործում Աննայի շահերը ներկայացնում է «Սապարի» հկ-ն, որը պաշտպանում է կանանց իրավունքները: Աննայի հարցաքնությունը կատարվել է «Սապարիից» իրավաբան Էլիսո Ռուխաձեի ներկայությամբ:

ՀԿ տվյալներով՝ Դավիթ Բագրատիոնին համատեղ կյանքի ընթացքում պարբերաբար ծեծել է կնոջը: Մեղադրական կողմը վկայակոչում է 2014 թվականի փորձաքննությունը, որտեղ նկարագրված են կապտուկների հայտնաբերման դեպքեր, ինչպես նաեւ Աննա Գրուզինսկայա մարմնին եւ դեմքին բութ առարկայի ներգործությունից հետքեր:

Լեւան Գորելիշվիլին՝ Աննայի եւս մեկ փաստաբանը, պնդում է, որ Դավիթի կողմից բռնությունը կապված է  եղել արքայական տիտղոսի իր իրավունքը ապացուցելու ձգտման հետ:

«Դավիթն ամուսնության առաջին օրվանից ձգտում էր Աննայի հոր՝ Նուգզար Բագրատիոնիից խոստովանությանն այն մասին, որ իր Մուխրանսկի գիծը գերազանցում է  Գրուզինսկիների գիծը, դրա համար նա արքայական տան տիտղոսի է արժանի: Նա կարծում էր, որ հայրը կհամաձայներ նրա պահանջներին, եթե նրանց համատեղ կյանքն անտանելի դառնար Աննայի համար», — ասել է փաստաբանը:

Դավիթ Բագրատիոնի Մուխրանսկին Աննա Բագրատիոնի Գրուզինսկայայի հետ ամուսնացել է 2009-ին Վրաստանի ուղղափառ եկեղեցու նախաձեռնությամբ: Հանուն ամուսնության Աննան ստիպված էր ամուսնալուծվել իր առաջին ամուսնուց, որից նա երկու երեխա ուներ: Երկու տարի անց Դավիթը եւ Աննան Գեորգի անունով համատեղ որդի ունեցան:

«Արքայական» հարսանիքն այն ժամանակ վրացական հասարակության ուշադրության կենտրոնում էր, իսկ վրացի միապետները այդ իրադարձությունը պատմական էին անվանում՝ նշելով, որ ընդհանուր երեխան կմտերմացնի մաիպետական դինաստիայի երկու ճյուղերը: Սակայն 2013-ին Աննան եւ Դավիթը հայտարարեցին ամուսնալուծության մասին: