Մարդու իրավունքների թեմայով հանրային լսումները վիթխարի նշանակություն ունեն երկրում ժողովրդավարական մշակույթի առաջմղման եւ ամրապնդման համար: Ապրիլի 5-ին այս մասին ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ ելույթ ունենալով ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի աջակցությամբ Հայաստանի օմբուդսմենի գրասենյակի կազմակերպած լսումներում:
Նրա խոսքով՝ մարդու իրավունքների հարցերը Հայաստանի եւ ԵՄ-ի համագործակցության օրակարգի առաջնահերթություններից են: «Հայաստանի եւ ԵՄ հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների վրա, որոնց կարեւոր բաղադրիչը մարդու իրավունքներն են: Այս քննարկումը նաեւ գործնական արժեքավորություն ունի, քանի որ հաջորդ շաբաթ Բրյուսելում մեր հայ գործընկերների հետ մարդու իրավունքների հարցով երկխոսության մասին ամենամյա բանավեճ ենք անցկացնելու»,- ասաց Սվիտալսկին:
Եվրոպացի պաշտոնյան նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած անցած տարվա իրադարձությունները նաեւ երկխոսության եւ մարդու իրավունքների ոլորտում օրակարգի հիմք են՝ հնարավորություններ ստեղծելով այն արդեն նոր տեսանկյունից քննարկելու համար: Սակայն դա չի նշանակում, որ խնդիրներն անհետացել են, «քանի որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում մարդիկ կատարյալ չեն»: «Մեր առջեւ միշտ մարտահրավեր են ծառացած, եւ մենք պարտավոր ենք դրանց պատասխանել, հատկապես եթե վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանությանը»,- եզրափակեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը:
Նշենք, որ խորհրդարանում ընթացող լսումների թեման է՝ «Մարդու իրավունքների հարցերով ազգային օրակարգը. ՄԱԿ-ի կողմից համակողմանի պարբերական ակնարկ»: Դրանց մասնակցում են նախարարներ, Հայաստանում հավատարմագրված երկրների դեսպաններ, միջազգային կառույցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, օմբուդսմենը, խորհրդարանականներ եւ այլք:





























