Հայկական ծագմամբ ռուսաստանցի գործարար Սերգեյ Գալիցկին The Bell պարբերականին պատմել է, թե ինչու է ՎՏԲ-ին վաճառել «Մագնիտ» խանութների ցանցը։ Նա, մասնավորապես, գործարքի պատճառներից մեկը նշում է մշտական հոգեբանական լարվածությունը տնօրենների խորհրդի նախագահի եւ հիմնական բաժնետիրոջ պաշտոնում։
«Ընկերությունում շատ բարձր էր կապվածությունն անվանս հետ։ 6000 ավտոմեքենա ամեն օր ռուսասկան ճանապարհներին։ Ինչ էլ անես, շատ բարձր են ծանր ՃՏՊ-ների ռիսկերը։ Դու չես կարող 100 տոկոսով վերահսկել իրավիճակը, դա կապված է մարդկային կյանքերի հետ եւ բեռ է ուսերիդ ամեն օր»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ նման պայմաններում շատ դժվար է զարգանալ, քանի որ ցանկացած նոր խանութի կամ բաշխիչ կենտրոնի բացում «նվազեցնում է հանգիստ քունդ եւս մեկ րոպեով»։
Ընկերությունում այս բոլոր տարիներին ամեն օրն ինչ-որ բան փոխվել է, հիշում է նա The Bell-ի հետ զրույցում։ «Դա զարմանալի ժամանակ էր, երբ պառկում ես քնելու միայն այն բանի համար, որպեսզի ավելի արագ գա առավոտն ու հնարավոր լինի նորից ընկղմվել որոնման մթնոլորտի մեջ,- պատմում է Գալիցկին։- Ոչ մի անգամ 24 տարվա մեջ առավոտյան հանգստյան օրերին տանը չեմ նախաճաշել։ Չգիտեմ, թե ինչպես է կինս ինձ դիմացել. առավոտյան արթնացել եմ, գնացել օֆիս, վերադարձել ուշ երեկոյան։ Այսպիսին է եղել աշխատանքս, եւ դա ինձ շատ դուր էր գալիս»։
Գալիցկին խոստովանել է, որ տարիքի հետ դժվարանում էր նման ճնշմանը դիմանալը, ինչը դարձավ էլի մեկ պատճառ բիզնեսից հեռանալու համար։ «Մագնիտը» վաճառելու մի պատճառ էլ գործարարը նշում է իր տարիքը։ 2017-ին նա դարձավ 50 տարեկան։ Նա նշում է, որ 300 հազար աշխատակցի համար պատասխանատու լինելը նրա տարիքում շատ դժվար է։
Ի վերջո, երրորդ պատճառը մշտական երկխոսությունն է պետական իշխանության մարմինների հետ։ Գալիցկին նշում է, որ դա իր համար, ըստ էության, դժվար է, քանի որ դա իր ուժեղ կողմը չէ, բայց բիզնես գործընթացներն օպտիմալացնելու ձգտումը ստիպում էր նրան զբաղվել դրանով։
«Մագնիտը» Սերգեյ Գալիցկին հիմնադրել է 1994-ին։ Երկար տարիներ ընկերությունը զարգացել է, մինչեւ որ հասել է Ռուսաստանի խոշորագույն առեւտրային ցանցի կարգավիճակին։ 2018-ին առեւտրային կետերի քանակը գերազանցում էր 17 հազարը։
«Մագնիտի» բաժնետոմսերի 29,1 տոկոսի համար Գալիցկին կստանա ՎՏԲ-ից 138 մլրդ ռուբլի։ Նոր մեծ բիզնեսի ծրագրեր չունի։ Փողը պատրաստվում է ծախսել Կրասնոդարում. մարզադաշտից հետո հաջորդը 2,5 հազար ծառերով այգու հիմնումն է, որոնք գնել են Իտալիայում եւ Գերմանիայում։ «Եթե ես հաջողության եմ հասել այս քաղաքում եւ այս մարդկանց հետ, ես ինքս պետք է պատասխանատու կերպով ծախսեմ այդ փողերը, եւ դրա համար նույնպես կյանքի մեծ հատված է հարկավոր։ Այլապես իմաստ չունի վաստակել դրանք,- բացատրում է նա։- Եթե հետ նայենք, ապա մենք թիմով հասել ենք նրան, ինչի մասին անգամ երբեւէ չենք երազել, եւ ես հպարտ եմ այն ընկերությամբ, որը կառուցել եմ։ Տրիլիոն շրջանառություն եւ 100 մլրդ EBITDA. գեղեցիկ թվեր են։ Հույս ունեմ, որ մեր օրինակը կոգեշնչի նոր սերնդին՝ զբաղվելու բիզնեսով»։
Մինչեւ 1994-ը 27-ամյա Սերգեյ Գալիցկին հասցրել էր լինել բեռնակիր եւ բանկային աշխատող, իսկ հետո գործընկերների հետ վարկ է վերցրել սեփական մեծածախ պարֆյումերակոսմետիկական բիզնես ստեղծելու համար։ Այդպես ի հայտ է եկել «Տրանսազիան»։ Այն արագ զարգացել է եւ 1995-ին ստացել Procter & Gamble-ի էքսկլյուզիվ մատակարարումների իրավունք Ռուսաստանի հարավում։ Բայց P&G-ի հետ աշխատանքի պայմաններով հարկավոր էր ստեղծել առաձին ընկերություն, որը կզբաղվեր նրա բրենդների առեւտրով։ Դա «Տրանսազիան» էր, իսկ մնացած բոլոր ապրանքանիշերի համար ստեղծվեց նոր իրավաբանական անձ՝ «Տանդերը», որն էլ հետագայում դարձավ «Մագնիտ»։





























