Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ամալ Քլունիի հետ արշավ է սկսել ԶԼՄ-ների ազատության համար Ֆրանսիայում G-7-ի ժամանակ արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում, հաղորդում է AP-ը:
Հանթը հայտարարել է, որ այդ խնդիրը ձեռք է բերել «համաշխարհային ակտուալություն» Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում սաուդյան լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո լրագրողների համար ամենամահաբեր 2018 թվականին, երբ «զոհվել էր 99 լրագրող»:
Հանթի խոսքերով՝ ժողովրդավարական երկրները պետք է միավորվեն իրենց աշխատանքը կատարող լրագրողների սպանությունները, կալանքն ու ձերբակալությունն արգելելու նպատակով:
Ամալ Քլունին կլինի Hunt's Media Freedom-ի հատուկ ներկայացուցիչը եւ կգլխավորի փորձագետ փաստաբանների խումբը, որոնք խորհրդատվություն կտրամադրեն լրագրողների իրավունքները ամրապնդել ցանկացող կառավարություններին:
Խաշոգջիի գործը
Սաուդյան լրագրող Ջամալ Խաշոգջին անհետացել էր անցած տարվա հոկտեմբերի 2-ին: Վերջին անգամ նրան տեսել էին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն մուտք գործելիս: Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, որ Խաշոգջին սպանվել էր հյուպատոսությունում: Նրան սպանել էին Էր Ռիադից Ստամբուլ ժամանած հատուկ ջոկատայինները: Ավելի քան 2 շաբաթ սաուդյան թագավորության իշխանությունները համառորեն հերքում էին սպանության փաստը: Արդյունքում նրանք խոստովանել էին, որ Խաշոգջին սպանվել էր, սակայն հայտարարել էին, որ դա «պատահականություն» էր հայրենիք վերադառնալու մասին նրան «համոզելու» փորձի ժամանակ: Գործի շրջանակներում ձերբակալվել էր 11 մարդ:
Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին սպանության մեջ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանի դերակատարման մասին: Որոշ առումով այդ վարկածը սատարել էր նաեւ ամերիկյան հետախուզությունը՝ ենթադրելով, որ եթե անգամ Մոհամմեդը հրաման չէր տվել, ապա, համենայնդեպս, տեղյակ էր այդ մասին:
Խաշոգջիի մարմինը դեռ չի հայտնաբերվել:
Լրագրող՝ մահացու մասնագիտությո՞ւն
2018 թվականին աշխարհում զոհվել է լրատվության 94 աշխատակից, որոնցից 84-ը՝ նպատակային հարձակումների հետեւանքով: Այդ մասին հայտնել է Լրագրողների միջազգային ֆեդերացիան: Վերջին երեք տարիների ընթացքում առաջին անգամ ԶԼՄ-ների ներկայացուցիչների սպանությունների թիվն աճել է՝ ի տարբերություն նախորդ տարվա:
2017 թվականին մասնագիտական գործունեության պատճառով զոհվել էր 82 լրագրող: 2018 թվականին ԶԼՄ-ների աշխատակիցների համար ամենավտանգավոր երկիր էր ճանաչվել Աֆղանստանը, որտեղ սպանվել էր 16 լրագրող: Ցանկում երկրորդը Մեքսիկան էր (11 սպանված), երրորդը՝ Յեմենը (9 սպանված լրագրող):





























