Ալժիրում հազարավոր ցուցարարներ շարունակում են դուրս գալ փողոցներ՝ պահանջելով երկրի քաղաքական համակարգի լիակատար վերանայումը, գրում է BBC News-ը:

Նշվում է, որ լրանում է արդեն երկրում բողոքի ակցիաների 7-րդ շաբաթը եւ նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկի հրաժարականը չի բավարարել ցուցարարներին:

Ցուցարարները ցանկանում են նոր դեմքեր տեսնել քաղաքականությունում, քանի որ նրանց խոսքով, նրանք հոգնել են  Բուտեֆլիկի դարաշրջանի քաղաքական գործիչներից, որը 20 տարի կառավարել է երկիրը: Նրանք նշում են, որ «նոր փուլ նոր դեմքերի հետ» են պահանջում:

BBC-ն հաղորդում է, որ բողոքի ակցիաներին մասնակցում են ինչպես երիտասարդ տղամարդիկ եւ կանայք, այնպե էլ ավելի հասուն տարիքային խմբի մարդիկ:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին հայտնի դարձավ երկրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկի հրաժարականի մասին:

82-ամյա նախագահը հրաժարական էր տվել այն բանից հետո, երբ երկրի ԶՈՒ շտաբի պետը անհապաղ գործողություններ էր պահանջել նրան պաշտոնից ազատելու համար: