Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից Ջուլիան Ասանժին վտարելու որոշման մասին ասեկոսեները անհիմն են եւ վիրավորական, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով երկրի ԱԳ նախարար Խոսե Վալենսիայի թվիթերյան գրառմանը, սակայն ավելի ուշ այդ հաղորդագրությունը հեռացվել է:

Ավելի վաղ WikiLeaks պորտալը հայտնել էր, որ համաձայն Էկվադորում նրա բարձրաստիճան աղբյուրի՝ առաջիկա ժամերին կամ օրերին Ասանժին կվտարեն Էկվադորի դեսպանատնից: Հաղորդվում է, որ WikiLeaks-ի հիմնադրին էկվադորյան առաքելությունից վտարելու պատրվակ կլինի օֆշորային փաստաթղթերի հետ կապված կոռուպցիոն սկանդալը, որը վերաբերում էր Էկվոադորի նախագահ Լենին Մորենոյին: Ըստ WikiLeaks-ի տվյալների՝ Էկվադորի իշխանություններն արդեն իբրեւ պայմանավորվել են բրիտանական կողմի հետ Ասանժին ձերբակալելու վերաբերյալ:  

«Կառավարությունը չի մեկնաբանի այդօրինակ չհիմնավորված ասեկոսեները, որոնք, ի միջի այլոց, վիրավորական են: Էկվադորն ինքնուրույն և անկախ որոշումներ է կայացնում»,-գրել է Վալենսիան:

Նրա խոսքերով՝ Էկվադորն ունի «ինքնիշխան իրավունք», որը թույլ է տալիս երկրին միակողմանի կարգով դիվանագիտական ապաստան տրամադրելու կամ չեղարկելու մասին որոշումներ կայացնել: