ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը վտանգ չի ներկայացնում առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ 2020 թվականին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Բայդենը, որը Բարաք Օբամայի նախագահության օրոք՝ 2009-2017թթ., զբաղեցնում էր պետության երկրորդ դեմքի պաշտոնը, դեմոկրատների կողմից առաջադրված ամենապոպուլյար թեկնածուներից մեկն է, ով կարող էր մասնակցել 2020 թվականի ընտրություններին:

«Ես նրանում վտանգ չեմ տեսնում: Ես կարծում եմ, որ նա սպառնալիք է միայն ինքն իր համար»,-ասել է Թրամփը լրագրողներին:

Նա հավելել է, որ Բայդենն ունի «վատ համբավ»:

Ավելի վաղ Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Բայդերը հայտարարել է կողմնակիցներին նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին եւ դրամական աջակցություն է խնդրել: Ինքը՝ Բայդենը, նշել է, որ 2020 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները կդառնան ամենակարեւոր ընտրությունները վերջին 100 տարվա ընթացքում: